«Ddos» հարձակումներ գործած Հայաստանում առաջին կիբեռհանցագործի դատը շարունակվում է
Փետրվարի 9-ին Արաբկիր-Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է Հայաստանում աղմկահարույց համարվող Գեորգի Ավանեսովի դատավարությունը, որը սկսվել էր դեռ նախորդ տարվա նոյեմբերից:
Դատը վարում է դատավոր Արմեն Խաչատրյանը: Գեորգի Ավանեսովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մշակել է համացանցից օգտվողների համակարգիչները վարակելու համար նախատեսված հատուկ հարուցիչ՝ տուժողների համակարգիչների և համակարգչային համակարգերի հնարավորություններն օգտագործելու և դրանց մեջ պահվող տեղեկատվությանն առանց թույլտվության տիրանալու և տնօրինելու, այդ թվում, ցանկության դեպքում՝ ոչնչացնելու, ուղեփակելու, վերափոխելու, պատճենահանելու նպատակով։
Գեորգի Ավանեսովի գործն աղմկահարույց է այն պատճառով, որ Հայաստանում նախադեպը չունեցած կիբերհանցագործության եզակի դեպքն է:
Այժմ դատարանում դատաքննության փուլն ավարտվել է և սկսվել է գրավոր ապացույցների հետազոտման փուլը:
Գործի պատմությունից.
2010թ. հոկտեմբերի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ձերբակալվել է Նիդերլանդների Թագավորության իրավապահ մարմինների կողմից՝ կազմակերպված հանցավոր խմբավորմանն անդամակցելու, կիբերհանցավորության և փողերի լվացման մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, ՌԴ քաղաքացի Գեորգի Ավանեսովը։
Նիդեռլանդների Թագավորության իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցության շնորհիվ պարզվել է, որ Գեորգի Ավանեսովը 2009 թվականի մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում, գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, մշակել է համացանցից օգտվողների համակարգիչները հատուկ հարուցիչով վարակելու համար նախատեսված համակարգչային ծրագիր՝ տուժողների համակարգիչները և դրանց մեջ պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության տնօրինելու, այսինքն՝ ցանկության դեպքում ոչնչացնելու, ուղեփակելու, վերափոխելու, պատճենահանելու նպատակով։
Նշված համակարգչային ծրագրի համացանցում ներդրմամբ տուժողների համակարգիչները գաղտնի վարակվել են հարուցիչներով՝ բոտերով, և ստեղծվել է վարակված համակարգչային ցանց՝ «Bredolab» անվանումով բոտնետ, որի կիրառմամբ նա հնարավորություն է ստացել ղեկավարել վարակված համակարգիչները և տիրանալ դրանց մեջ պահվող տեղեկատվությանը, այդ թվում` բանկային հաշիվների վերաբերյալ։
Լինելով «Bredolab» բոտնետի համակարգող, դրա կառավարման համար օգտագործել է «Lease Web» հոլանդական հոսթինգ պրովայդերին պատկանող 143 սերվեր և 2009 թվականի հունիսից առ 2010 թվականի հոկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ աշխարհում հատուկ հարուցիչներով վնասաբեր ծրագրեր տարածելու միջոցով վարակել է մոտ 29 միլիոն համակարգիչ և փորձել է վարակել շուրջ 26 միլիոն համակարգիչ։
Գեորգի Ավանեսովն իր ստեղծած «բոտնետը» օգտագործել է նաև մի շարք կայքերի, այդ թվում` ռուսական տեղեկատվական ռեսուրսների, մասնավորապես «Կասպերսկու լաբորատորիայի» վրա, այսպես կոչված, «Ddos» հարձակումներ գործելու համար։
Հոլանդական, լիտվական և ռուսական գործընկերներին ուղարկված իրավական օգնության միջնորդությունների կատարման արդյունքում պարզվել է, որ «Ddos» հարձակումների պատվիրատուներից, ինչպես նաև վնասաբեր ծրագրերի և սպամի տարածման արդյունքում, Գեորգի Ավանեսովի տրամադրության տակ գտնված «WebMoney» վճարային համակարգի էլեկտրոնային դրամապանակին միայն 2010թ. ընթացքում մուտքագրվել է 700.000 ԱՄՆ դոլար, որոնք նա փոխանցել է օվշորային գոտիներում գտնվող տարբեր հաշվեհամարներին, ձեռք է բերել առանձնատուն Բալի կղզում, որով էլ օրինականացրել է հանցավոր ճանապահով ստացված միջոցները։
Գեորգի Ավանեսովին մեղսագրվող մի շարք կիբերհանցագործությունների վերաբերյալ քրեական գործը ներկայումս գտնվում է դատաքննության փուլում, իսկ քրեական գործից անջատված՝ փողերի լվացման մասով քրեական գործի նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում