Հավակնորդների մրցաշարը կարող է կազմակերպվել Լոնդոնում
ՖԻԴԵ-ի փոխնախագահ Իլյա Լևիտովը ռուսաստանյան շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքում պատմել է Արաբական Միացյալ Էմիրություններում հանգստյան օրերին անցկացված ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստի մասին` շեշտելով, որ միջազգային ֆեդերացիան հստակ խաղացանկ չունի:
«Մինչև այժմ հայտնի չէ, թե որտեղ է անցկացվելու հավակնորդների մրցաշարը,- ասել է Լևիտովը:- Հենց դրա պատճառով էլ չգիտենք, թե երբ կազմակերպենք Սուպերեզրափակիչը, Օլիմպիադային նախապատրաստությունը, Տալի հուշամրցաշարը և այլն: Այդ հարցն այդպես էլ չլուծվեց»:
Լևիտովի խոսքերով` նախագահական խորհրդում քննարկվել է նաև «Ագոն» ընկերության առաջարկը` գնելու աշխարհի առաջնության, «Գրան Պրի» շարքի, աշխարհի գավաթի, հավակնորդների մրցաշարի և չեմպիոնական կոչման մրցախաղի իրավունքները: «Ագոնը» երաշխավորում է, որ կսահմանի մրցանակային հիմնադրամ և իր վրա կվերցնի կազմակերպման ողջ պատասխանատվությունը:
Այդ առաջարկը, սակայն, հուշում է նաև, որ անհրաժեշտ է զգույշ լինել:
«Ագոն» ընկերությունը, որը կազմավորվել է այս տարվա հունվարին, ինչ-որ օֆշորային գոտում, շախմատի հետ ընդհանրապես կապ չունի: Այն հիմնադրել է Էնդրյու Պոլսոնը` «Աֆիշա» հոլդինգի հիմնադիրներից մեկը: Առաջարկվող պայմանագիրը շահավետ է ՖԻԴԵ-ի համար, բայց կազմակերպման գործում փորձի լիակատար բացակայությունը կասկած է ներշնչում: Պարոն Պոլսոնը ներկա էր նախագահական խորհրդի նիստին: Նրա իրականացրած շնորհանդեսը հիասթափեցրեց: Կոնկրետ ոչ մի բան չկար, ընդհանուր բառեր էին շախմատը նոր մակարդակի հասցնելու վերաբերյալ և այլն: Կարծես թե ցանկանում է հսկայական գումարներ ներդնել շախմատում: Բայց այդ ներդրումների մոտիվացիան գաղտնի է մնում: Չի կարելի ասել, որ նա սիրում է շախմատը»,- շեշտել է Լևիտովը:
Նախագահական խորհուրդը որոշել է «Ագոնի» հետ համաձայնագիր ստորագրել միայն այն դեպքում, եթե պարզվի, որ այն չի հակասում CNC-ի հետ արդեն ստորագրված պայմանագրին:
Իլյա Լևիտովի խոսքերով` հավակնորդների մրցաշարի կազմակերպման տեղի ու ժամկետների հարցն այդպես էլ չի լուծվել: Հայտեր են ներկայացրել Ադրբեջանն ու Բուլղարիան: Իրավիճակն անհանգստացնում է: Նա կարծում է, որ Պոլսոնը մոտ ժամանակներս պետք է հստակեցնի իր գաղափարներն ու պլանները:
ՖԻԴԵ-ի նախագահի օգնական Բերիկ Բալգաբաևը, սակայն, «Twitter»-ի իր էջում «նախագահական խորհրդի նիստից փախած» Լևիտովին տեղեկացրել է, որ հավակնորդների մրցաշարն անցկացվելու է հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում, Լոնդոնում: ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում, սակայն, այդ մասին որևէ տեղեկություն չկա:
Ավելի ուշ Բերիկ Բալգաբաևը հայտարարել է, որ հավակնորդների մրցաշարի կազմակերպման վայրի հարցում վերջնական որոշում դեռ չի կայացվել, սակայն գլխավոր թեկնածուն հենց Լոնդոնն է:
«ՖԻԴԵ-ն դեռ պաշտոնական որոշում չի կայացրել, քանի որ տեխնիկական բնույթի մի շարք հարցեր կան` կապված տեղի որոշման հարցի հետ,- Բալգաբաևի խոսքերը մեջբերել է «Ռ-Սպորտ» գործակալությունը:- ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը կազմակերպության ղեկավար Կիրսան Նիկոլաևիչ Իլյումժինովին հանձնարարել է, հաշվի առնելով այդ հարցերը, որոշում կայացնել և հրապարակել այն: Բայց կարելի է ասել, որ հավակնորդների մրցաշարի գլխավոր հավակնորդը Լոնդոնն է: Մրցաշարի կազմակերպմանը հավակնում են նաև Ադրբեջանն ու Բուլղարիան»:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ