Հարցազրույցներ 15:45 08/02/2012

ԳԴՀ դեսպան. Սերնդափոխության կարիք կա նաև կուսակցություններում

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն-Շմիդթը օրերս հյուրընկալվել է «ԱրմՌադիոFM107»-ի եթերում և պատասխանել ռադիոկայանի մեկնաբան Գևորգ Մելիքյանի հարցերին: Ստորև ներկայացնում ենք դեսպանի հետ հարցազրույցը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանին ու հայ-գերմանական կապերին առնչվող մի շարք հարցերի:

-Պարոն դեսպան, Գերմանիան մշտապես կարևոր երկիր է եղել Հայաստանի համար, և Հայաստանը շատ լավ հարաբերություններ է պահպանում Գերմանիայի հետ: Իսկ ինչո՞վ է բացատրվում Գերմանիայի հետաքրքրվածությունը Հայաստանի հանդեպ։


-Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո մեր արտգործնախարարը որոշում ընդունեց նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների հետ հարաբերություններ հաստատել։ Հայաստանն իմ կարծիքով որոշակի հետաքրքրություն էր առաջացնում անգամ մինչև Խորհրդային Միության փլուզումը` պայմանավորված հայկական մշակույթով և Գերմանիայում հայերի առկայությամբ, որոնք ուշադրություն էին գրավում դեպի ձեր երկիրը և նրա արժեքները, ինչպես նաև` շնորհիվ քրիստոնեության: Կարծում եմ նաև, որ ընդհանրապես որոշակի հետաքրքրություն կա Հարավային Կովկասի տարածաշրջանի հանդեպ, քանզի այն հարուստ է էներգակիրներով, հանքարդյունաբերությամբ, ինչպես նաև ներդրումային հնարավորություններ է ընձեռում հանքարդյունաբերության ոլորտում, ինչն ամենայն հավանականությամբ կընդլայնվի, և հետևաբար Գերմանիան կշարունակի մեծ ուշադրություն դարձնել Հայաստանի հետ իր առևտրային և տնտեսական հարաբերությունների բարելավմանը: Գերմանիան, իհարկե, որպես Մինսկի խմբի անդամ, շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Դա կբարելավեր Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը և Հայաստանին հնարավորություն կտար դուրս գալ շրջափակումից, որը խոչընդոտ է հանդիսացել Հայաստանի տնտեսական զարգացման համար:

-Ինչպե՞ս կզարգանան հարաբերությունները Հայաստանի և Գերմանիայի միջև 2012թ.-ին տնտեսական, քաղաքական, մշակութային և միգուցե ռազմական ոլորտներում։

-Քաղաքական հարցերի մասով ասեմ, որ մեր արտգործնախարարի գալիք այցը Հայաստան կնպաստի քաղաքական երկխոսության վերաշխուժացմանը, որով հետաքրքրված են ձեր արտգործնախարարը և ձեր Նախագահը։ Ինչպես անցյալ, այնպես էլ նախանցյալ տարի ձեր Նախագահը և ձեր արտգործնախարարն այցելեցին Գերմանիա։ Այս պահին ձեր արտգործնախարարը գտնվում է Գերմանիայում և մասնակցում է Մյունխենյան անվտանգության համաժողովին, և կունենա, ինչպես ասում են, կուլուարային մի շարք քննարկումներ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։ Նա հավանաբար կխոսի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա լուծումների մասին, ինչպես նաև միգուցե կխոսի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղուց հանելու մասին և իհարկե, քանի որ պարբերաբար հանդիպումներ է ունեցել իր իրանյան գործընկերոջ հետ, կներկայացնի իր տեսակետն Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ։

-Որքանո՞վ ԵՄ-ի տնտեսական ճգնաժամը կարող է ազդել Հայաստան-Գերմանիա տնտեսական հարաբերությունների վրա։

-Կարծում եմ, որ Եվրամիության ֆինանսատնտեսական ճգնաժամն այդքան էլ չանդրադարձավ Հայաստանի վրա, որքան որ ընդհանուր համաշխարհային ճգնաժամը, որի պատճառը հանդիսացավ օրինակ «Լեհման Բրադըրս» բանկի սնանկացումը ԱՄՆ-ում։ Ինչ վերաբերում է Գերմանիային, կարծում եմ, որ այս պահին մենք ունենք տնտեսական որոշակի աճ: Մենք հանդիսանում ենք Հայաստանի երկրորդ խոշորագույն գործընկեր երկիրը տնտեսական երկկողմ հարաբերություններում: Կարծում եմ, որ ի տարբերություն Եվրոպայի, դուք այդքան էլ չեք տուժել: Սակայն միգուցե Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն կարող են ունենալ որոշ տնտեսական համակարգերի, ինչպես, օրինակ, Ռուսաստանի տնտեսության անկումը։

-Գերմանիան և Ֆրանսիան ջանում են օգնել Եվրոպային դուրս գալու այս իրավիճակից, մինչդեռ Մեծ Բրիտանիան այդքան էլ ակտիվ չէ այդ հարցում: Ի՞նչ կարծիք ունեք Եվրոպայի ապագայի մասին։ Կան մարդիկ, որոնք հոռետեսական վերաբերմունք ունեն եվրոյի հանդեպ և որոնք չեն դադարում քննադատել Եվրոպան, նրա ապագան և եվրոն առհասարակ՝ որպես օտարերկրյա արժույթ։ Ի՞նչ կասեք սրա մասին։

-Իհարկե, իմ կարծիքով, այս հարցին բավականին դժվար է միանշանակ պատասխանելը։ Կարծում եմ, որ Եվրամիությունն ամեն անգամ, երբ ստիպված է եղել անցնել որոշակի տնտեսական և քաղաքական մարտահրավերների միջով և հաղթահարել դրանք, խնդրահարույց իրավիճակից դուրս է եկել առավել հզորացած։ Իմ կարծիքով` Գերմանիան ու Ֆրանսիան մշտապես էական դեր են խաղացել` որոշակի բարդ և փակուղային իրավիճակներ հաղթահարելիս։ Ես ինքս լավատես եմ նաև եվրոյի հարցում և կարևորում եմ Եվրամիության՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի պես քաղաքական և տնտեսական կարևոր անդամների դերը եվրոն փրկելու գործընթացում` ի հեճուկս բացասական որոշ կանխատեսումների, որոնք արվեցին, օրինակ, ամերիկացի պրոֆեսոր Ռուբինի կողմից: Ես լավատես եմ, և թեև եվրոն երիտասարդ և դեռևս ընդամենը տասը տարվա տարադրամ է, ո՞վ կարող էր տասը տարի առաջ մտածել, որ Եվրոպան հնարավորինս կպահպանի դրա արժեքն այն մակարդակի վրա, ինչպիսին որ այժմ այն ունի, ուստի ես լավատես եմ: Մենք կհաղթահարենք այդ դժվարությունները և չպետք է նաև մոռանանք, որ, օրինակ, Գերմանիայի պես երկիրը մեծապես շահում է եվրոյի առկայությունից` արտաքին առևտրի գրեթե 65 տոկոսն իրականացնելով Եվրամիության ներսում։ Հետևաբար, մենք բոլորս ենք շահում, օրինակ, ընդհանուր արժույթ ունենալու հանգամանքից։

-Նախկին Խորհրդային Միության երկրների հետաքրքրությունը մեծ է Շենգենյան կամ եվրոպական այլ վիզաներ ստանալու հարցում, և, ինչպես գիտեք, սա շատ հակասական և քննարկվող խնդիրներից է։ Այժմ բանակցություններ են ընթանում ԵՄ-ի և Վրաստանի միջև, և կարծես Հայաստանը ևս ներգրավված է այդ գործընթացում։ Ի՞նչ եք կարծում այդ գործընթացի մասին։ Արդյոք այն կնպաստի՞ արտագաղթին, թե՞` ընդհակառակը, երկարաժամկետ կտրվածքով կնվազեցնի այն։

-Երբ ես աշխատում էի Ուկրաինայում, մտավախություն կար, որ երիտասարդներն արագ կարտագաղթեն երկրից։ Մենք Կիևում Գերմանիայի դեսպանատանը դեսպանի և մի քանի այլ գործընկերների հետ միասին կողմ էինք հնարավորինս շատ մուտքի վիզաների տրամադրման քաղաքականությանը, որպեսզի հնարավորինս մեծ թվով ուկրաինացիներ ստանային արտասահմանում սովորելու, երկրից դուրս զարգացումներին ծանոթանալու հնարավորություն։ Ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ, որ դուք միշտ դեպի դուրս եք նայում Սփյուռքի առկայության պատճառով։
Շատ ուրախ եմ, որ անցյալ տարվա վերջին ԵՄ անդամները վերջապես համաձայնեցին ընդունել մի մանդատ, որը սկիզբ կդնի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանն ուղղված բանակցություններին, և միևնույն ժամանակ, բանակցություններ կլինեն նաև արտագաղթյալների հայրենադարձման շուրջ, որոնք փոխկապակցված հարցեր են: Սակայն ցավոք, դեռևս մեծ է արտագաղթողների քանակը, ինչի վրա, սակայն, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը չի ունենա ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական ազդեցություն։ Այն կհեշտացնի մարդկանց՝ արտասահման գնալու գործընթացը, ինչին ես ինքս շատ կողմ եմ: Երբ ձեր երկրի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում ստորագրեց շարժունակության մասին հռչակագիրը, դարձավ աշխարհում այն փոքրաթիվ երկրներից մեկը, որն իր համաձայնությունը տվեց այս հռչակագրին, և կարծում եմ, որ արտահայտում է ձեր իշխանությունների շահագրգռվածությունը, Եվրամիության վրա հնարավորինս ճնշումներ գործադրելով, բացել սահմանները և ձեր ժողովրդին տալ ճանապարհորդելու հնարավորություն: Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա մենք չունենք մեծ խնդիրներ ներհոսքի հետ կապված, օրինակ, հայերի դեպքում, ովքեր կփորձեին մնալ Գերմանիայում անօրինական ճանապարհով։

-Գերմանիան ուշիուշով հետևում է հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացին։ Այս բնագավառում կան շատ հոռետեսներ, և կան նաև որոշ լավատեսներ։ Իսկ Դուք ի՞նչ եք կարծում։

-Դժբախտաբար, սա դեռևս շատ կնճռոտ հարց է, կնճռոտ, որովհետև Թուրքիայի կառավարությունը չի ցանկանում ճանաչել այն, ինչ տեղի ունեցավ 1915թ. և անգամ դրանից առաջ։ Ես՝ որպես գերմանացի, որը դաստիարակվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, պետք է կարողանայի վերլուծել այն, ինչ կատարվել է Երրորդ Ռեյխի ժամանակ Հոլոքոսթի հետ կապված։ Մեզ պարտադրում էին լավ հարաբերություններ հաստատել Իսրայելի և հրեական համայնքի հետ, ինչը մեզ շատ օգնեց գոնե որոշակի միջոցներով հաշտվել հրեա ժողովրդի հետ։ Դժբախտաբար, Թուրքիայի դեպքում չկան նմանատիպ ճնշումներ։ Թուրքիան, քաղաքական պատճառներից դրդված, դեռևս չի ցանկանում գոնե քաղաքական տեսանկյունից պատասխանատվություն կրել այդ ժամանակահատվածում կատարվածի համար։ Սա, ըստ երևույթին, երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում խիստ բացասական ազդեցություն է ունենում։ Ես շատ կցանկանայի հասնել հարաբերությունների կարգավորմանը, մանավանդ, որ սահմանի բացումը մեծապես կնպաստեր ձեր երկրի տնտեսական զարգացմանը։

-Այդ դեպքում, որտե՞ղ է խնդիրը։ Արդյոք խնդիրը Հայաստանու՞մ է, թե՞` Թուրքիայում, թե՞միգուցե երկուսում միաժամանակ։

-Հայաստանի համար չափազանց կարևոր է Թուրքիայի կառավարության կողմից կատարվածի ճանաչումը։ Իմ անձնական կարծիքով Հայաստանի շահերից է բխում, որ սահմանները բացվեն և ապա երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, և նաև մարդկանց միջև շփումների միջոցով սկիզբ դրվի մի գործընթացի, որը կստիպի թուրքական կառավարությանը ճանաչել կատարվածը՝ քաղացիական հասարակության աճող ճնշման պատճառով։ Գերմանիայում, օրինակ, սա շատ երկարատև գործընթաց էր, որպեսզի ազատ և քննադատաբար խոսվեր անցյալում կատարվածի մասին։ Ես կարծում եմ, որ եթե ավելի շատ կապեր հաստատվեն, և եթե դուք ավելի շատ պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներ ունենաք` երկու երկրների միջև բաց սահմանների պարագայում, հավանաբար  պաշտոնական կողմի վրա ճնշումներն ինքնաբերաբար ավելի շատ կլինեն, որպեսզի վերջինս ճանաչի կատարվածը`հասարակության որոշակի ազդեցության շնորհիվ։ Մենք՝ գերմանացիներս, օրինակ, շատ ենք խրախուսում միջսահմանային կապերի հաստատումը քաղաքական հիմնադրամների կողմից իրականացվող ծրագրերի միջոցով, և կարծում եմ` որքան ավելի շատ իրազեկված լինի թուրք ժողովուրդը, այնքան նրանք ավելի ու ավելի շատ կցանկանան ճանաչել տեղի ունեցածը։

-Բոլորովին վերջերս Ֆրանիսայի Սենատն ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ, ինչի շուրջ եղան բազմաթիվ շահարկումներ։ Հարցս հետևյալն է. արդյո՞ք այս օրինագիծը կնպաստի՞, թե՞` ընդհակառակը, կխոչընդոտի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների լավացման գործընթացին: Եվ արդյո՞ք Գերմանիայի օրենսդիրը նույնպես հակված է ընդունել նմանատիպ օրինագիծ կամ կա՞ն ընդհանրապես նման քննարկումներ։

-Նախ, կարծում եմ, որ ֆրանսիական Խորհրդարանի նախաձեռնությունը պայմանավորված է Ֆրանիսայի նախագահի Հայաստան կատարած սեպտեմբերյան այցի ընթացքում հայ և ֆրանսիացի ժողովուրդներին ուղղված որոշ հայտարարություններով այն մասին, որ եթե Թուրքիան չի ցանկանում փոխել իր վերաբերմունքը անցյալում կատարվածի հանդեպ, ապա նա հանդես կգա նմանատիպ օրինագծով։ Քաղաքական տեսանկյունից կարծում եմ, որ սա շատ համարձակ քայլ էր և որ նախագահը կարողացավ պահել իր խոստումը, և այժմ պետք է սպասել, թե ինչ որոշում կընդունի Սահմանադրական Խորհուրդը։ Գերմանիան, որքանով, որ ես եմ հասկանում, չի ձեռնարկի նմանատիպ քայլ մոտ ապագայում։ Վերջերս պատգամավորներից մեկը հանդես եկավ նմանատիպ նախաձեռնությամբ, սակայն մենք դեռևս հղում ենք կատարում 2005թ.-ին Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևին, ինչը բավականին դրական քայլ ենք համարում առնվազն կատարվածի վերաբերյալ քննադատական վերլուծության առումով։ Կարծում եմ, որ սա շատ անաչառ վերլուծական մի փաստաթուղթ է, որում սակայն մենք չգործածեցինք ցեղասպանություն եզրույթը` որոշ քաղաքական և իրավական նկատառումներից դրդված: Եթե կարդաք այդ բանաձևի տեքստը, ապա պարզորոշ կտեսնեք, որ կատարվածը մենք որակել ենք որպես այն, ինչ հայերեն ասում են “ԱՂԵՏ”։ Անցյալ տարի գերմանական առաջին հեռուստաալիքով`АRD-ով ցուցադրվեց մի ֆիլմ, որը հենված լինելով արխիվային փաստաթղթերի վրա` գերմանական լսարանին շատ օբյեկտիվ ձևով ի ցույց դրեց տեղի ունեցածը։ Սակայն, ինչպես արդեն նշեցի, մենք այս պահին հանդես չենք գա նմանտիպ նախաձեռնությամբ, և նաև կարծում եմ, որ մեր խորհրդարանում շատ չեն լինի նման նախաձեռնության կողմնակիցները։ Սա տարբերվում է Հոլոքոսթից։

-Արդյո՞ք կարծում եք, որ ժողովրդավարությունը միայն արևմտյան ժողովուրդների առանձնաշնորհն է, թե Հայաստանը նույնպես կարող է դառնալ ժողովրդավարական երկիր։

-Կա ռուսական մի ասացվածք` «չի կարելի մտնել այլոց եկեղեցի սեփական օրենքներով», եթե իհարկե չեմ սխալվում։ Մեկ այլ երկրին որոշակի համակարգ պարտադրելու հարցում ես շատ զգույշ կլինեի, բայց չափազանց մեծ կարևորություն կտայի իշխանությունների տարանջատմանը։ Կարծում եմ, որ Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Հայաստանը շատ հետաքրքրված է Եվրամիության հետ ասոցիացիոն համաձայնագիր կնքելու հարցում, ինչի համար Հայաստանը քաղաքականապես դեռ պետք է պատրաստ լինի և համոզի գործընկեր կողմին առ այն, որ հետաքրքրված է իշխանությունների, նկատի ունեմ, իշխանության երեք թևերի տարանջատմամբ, ինչպես նաև` ավելի մեծ դերակատարություն տալ չորրորդ իշխանությանը, այն է` ԶԼՄ-ներին, համակարգի ներսում վերլուծություններ անելու և երբեմն քննադատելու հարցում։

-Այսպիսով, որո՞նք են Հայաստանի ժողովրդավարացման հիմնական խոչընդոտները։

-Կարծում եմ, որ այս պահին հիմնական խոչընդոտները կրում են համակարգային բնույթ։ Կարծում եմ, որ դեռևս բարեփոխումներ են անհրաժեշտ արդարադատության բնագավառում։ Եթե չեմ սխալվում, մեկ տարի առաջ էր, որ ձեր Նախագահը համարձակ որոշում կայացրեց կադրերի նշանակման հարցում։ Արդարադատության ղեկավարող անձնակազմը համալրվեց բոլորովին նոր կադրերով, և համոզված եմ, որ Արդարադատության նախարարությունը Նախագահի աշխատակազմի հետ միասին կկարողանան հետագա համակարգային փոփոխություններ մտցնել արդարադատության բնագավառում։ Իմ տեսանկյունից սա նախապայման է։ Քանի դեռ ձեր երկրի քաղաքացիները վստահություն չունեն ձեր իսկ արդարադատության համակարգի անաչառության հանդեպ, և քանի դեռ օտարերկրյա ներդրողները լիովին համոզված չեն արդարադատության համակարգի անկախ լինելու մեջ, կարծում եմ, որ չափազանց դժվար կլինի նախևառաջ բարելավել ներդրումային դաշտը, այսինքն` անհրաժեշտ է արտաքին աշխարհին ապացուցել, որ հիրավի ձեր արդարադատության համակարգն անկախ ու անաչառ է։ Սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ։

-Արդյո՞ք գտնում եք, որ թե՛ ընդդիմությունը, և թե՛ իշխանությունը Հայաստանում սկսել են հասկանալ, որ ժողովրդավարությունը միայն ընտրվել կամ վերընտրվելը չէ, այլ` մի փոքր ավելին։

-Ես պետք է իրոք շատ զգույշ լինեմ։ Կարծում եմ, որ երկու կողմերն էլ պետք է սովորեն հանդես գալ ավելի հիմնավորված դիրքորոշումներով։ Ընդդիմությունը շատ է քննադատում գործող իշխանություններին, սակայն կարծում եմ, որ ընդդիմության տարբեր խմբերի ներկայացուցիչներից է կախված քաղաքական կառուցվածք ստեղծելը և սեփական կուսակցական կառույցներն ամրապնդելը, ինչպես նաև` ավելի առարկայական առաջարկություններով հանդես գալը, այլ ոչ միայն նախքան նախագահական կամ խորհրդարանական ընտրությունները քարոզարշավներ իրականացնելը։ Ինչպես արդեն նշեցի, երբ ես աշխատում էի բոլորովին այլ երկրում, ես ընդդիմությանը բերեցի գերմանական պատգամավորների օրինակը, որոնց համար չափազանց ձանձրալի և հոգնեցուցիչ է երբեմն չորս տարուց ավելի աշխատելը, նորից ու նորից վերընտրվելը։
Երբ ենթադրենք, անհրաժեշտ է համոզել ընտրազանգվածին, այստեղ ես տեսնում եմ, որ բացթողումներ կան նախընտրական շրջանում՝ թե՛ նախագահական և թե՛ խորհրդարանական ընտրություններից շատ առաջ կատարվող աշխատանքների հարցում։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ կարծես աշխատանքներն սկսում են միայն ընտրություններից ընդամենը 60 կամ 40 օր առաջ միայն, որն իհարկե բավարար չէ։ Բավական չէ նաև մշտապես միմյանց մեղադրելը։ Ինչպես նշեցի, կուսակցությունն ինքը պետք է զարգանա, այլ ոչ թե` այլոց մեղադրանքներ առաջադրի։ Կուսակցականները պետք է հանդես գան նոր կերպարով և պետք է արժանանան երիտասարդ սերնդի հավանությանը։ Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա նաև ղեկավարների փոփոխման հարցում: Դուք կուսակցական կառուցվածքներում կարիք ունեք…

-Սերնդափոխությա՞ն:

-Այո՛, ձեզ անհրաժեշտ է, որ որոշ պաշտոններ զբաղեցնեն հենց երիտասարդները։

-Բայց որոշ մարդկանց կարծիքով երիտասարդ սերունդը չունի այն փորձը, ինչ` ավագ սերունդը։

-Երիտասարդների հետ զրուցելիս` երբեմն շատ ցավալի է լսել, որ վերջիններս հուսահատված են, քանզի ավագ սերունդը չի ցանկանում լսել կամ ավելի շատ պատասխանատվություն վստահել նրանց։ Ես իհարկե չեմ ցանկանա, որ ինչպես օրինակ հարևան երկրում է, 34 տարեկանից ավելի բարձր տարիքով անձն իրավունք չունենա նշանակվել նախարար, քանի որ եթե նա 34-ից մեծ է, ապա կարող է նույնացվել իր հոր կամ հենց իր կողմից խորհրդային տարիներին զբաղեցրած պաշտոնի հետ կամ ունենա այդ ժամանակների ազդեցությունը։ Սա իմ տեսանկյունից մի քիչ արմատական մոտեցում է, սակայն կարծում եմ, որ երկրի կառավարման հարցում երիտասարդ սերնդին ավելի մեծ մասնաբաժին տալը շատ կարևոր է։ Օրինակ, ինչպես նշեցի, կարելի է որոշ պաշտոնյաների փոխարինել ավելի երիտասարդներով։ Նախագահի աշխատակազմում կան մի քանի պայծառ երիտասարդներ։ Կան նաև շատ երիտասարդ նախարարներ, որոնք շատ խոստումնալից և իրազեկ պաշտոնյաներ են։ Նույն գործընթացը կկամենայի տեսնել նաև կուսակցություններում, դեմքերի փոփոխություններ, որպեսզի երիտասարդները մշտապես չբախվեն հնացած անձանց և կառավարման ավտորիտար ոճի:

-Հայաստանում Ձեր ելույթներից մեկի ժամանակ դուք փաստեցիք, որ թե՛ ներկայիս և թե՛ նախկին իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն իրենց արարքների համար։ Սա բավականին մեծ արձագանք ստացավ ԶԼՄ-ներում։ Կխնդրեի մի փոքր զարգացնեիք այս միտքը: Ի՞նչ նկատի ունեք` պատասխանատվություն կրել ասելով։

-Նախևառաջ, անհրաժեշտ է ավելի մեծ դերակատարություն տալ ԶԼՄ-ներին, որպեսզի վերջիններս քննադատաբար կարողանան խոսել քաղաքականության մասին, և ունենան քաղաքական հարցերի շուրջ երբեմն նաև հակասական դիրքորոշում։ ԶԼՄ-ների համար անհրաժեշտ է ստեղծել ոչ միայն իրավական, այլ նաև` իրական հարթակ քաղաքական իրադարձությունները մեկնաբանելու համար։ Մեր երկրում ևս շատ բան կատարյալ չէ, բայց հպարտորեն կարող եմ ասել, որ մենք ԶԼՄ-ներին վերաբերվում ենք որպես չորրորդ իշխանության` դատական, օրենսդիր և գործադիր իշխանություններին զուգահեռ: Հայաստանը դեռևս չունի շատ ազդեցիկ լրատվական դաշտ։ Իմ կարծիքով, ԶԼՄ-ները դեռևս զգալիորեն ղեկավարվում և վերահսկվում են իշխանությունների կողմից: Մյուս կողմից, պետք է կարևորել լրագրողների մասնագիտական պատրաստվածության հարցը։ Իմ կարծիքով, շատ են այն լրագրողները, որոնք դժբախտաբար չունեն բավականաչափ մասնագիտական պատրաստվածություն ավելի մեծ ազդեցություն ունենալու գործադիրի և օրենսդրի գործունեությունը վերլուծելու և վերահսկելու հարցում:

-Վերջերս Դուք հանդիպեցիք որոշ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ՝ կապված բնապահպանական խնդիրների հետ։ Արդյո՞ք բավարարված եք ներկայիս իրավիճակով։

-Կարծում եմ, որ շատ լավ է, երբ ձեր ՀԿ-ները հետևողական են երկրի համար շատ կարևոր տնտեսական զարգացումներում։ Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, ես մի քանի անգամ այցելել եմ Զանգեզուրի և Սյունիքի տարածքում գտնվող գործարանը, ինչի մասին Դուք հարցնում եք։ Դա մի ընկերություն է, որի բաժնետերերի մեծ մասը Գերմանիայից են։ Կարող եմ վստահեցնել, որ ընկերությունը և հատկապես բաժնետերերի գերմանական մասը մեծ ուշադրություն են դարձնում բնապահպանական չափորոշիչների պահպանմանը։ Եվ ես հասկանում են, որ այդ երկու ՀԿ-ները` ԷկոԼուրը և «Transparency international»-ն անդրադարձել են այս ընկերությանն այն պատճառով, որ կան օտարերկրյա բաժնետերեր, ուստի և ավելի հեշտ է քննադատել ընկերությանը, որն ունի օտարերկրյա բաժնետեր։ Այդ տարածքից ոչ այնքան հեռու կան նաև տեղական ընկերություններ, որոնց կարող են ավելի սուր քննադատության ենթարկել` քաղաքական դրդապատճառներից ելնելով: Սակայն դրանք այդքան էլ լավ թիրախ չեն հասարակական կազմակերպությունների համար, որքան օտարերկրյա բաժնեմաս ունեցող ընկերությունը։ Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ այս ընկերությունն ստեղծել է մոտ երեք հազար աշխատատեղ, և յոթ հազար մարդ օգտվում է այդ ընկերության գործունեությունից։ Իմ կարծիքով, ընկերությունը լավ գործատու է հանդիսանում, քանզի առաջարկում է սոցիալական ծառայություններ՝ կապված առողջապահական հարցերի հետ, և համեմատաբար շատ ավելի բարձր աշխատավարձեր է վճարում, քան` որևէ մեկն այդ շրջանում։ Օրինակ, Սյունիքի մարզում միջին ամսական աշխատավարձը կազմում է 147,000 դրամ, մինչդեռ ընկերության յուրաքանչյուր աշխատողին վճարվող ամսական միջին աշխատավարձը կազմում է 240,000 դրամ։ Սա թերևս որոշ առումով ցույց է տալիս, որ ընկերությունը փորձում է լրջորեն հաշվի առնել իր աշխատողների շահերը։ Եվ, ինչպես նաև նշեցի, նրանք փորձում են հաշվի առնել նաև բնապահպանական խնդիրները, և մենք երկու կողմերին էլ պետք է հնարավորություն տանք հանդես գալու իրենց տեսանկյուններով։

-Պարոն դեսպան, որոշ մարդիկ ասում են, որ Հայաստանը եվրոպական երկիր է, իսկ ոմանք էլ համաձայն չեն։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք և ինչպե՞ս են եվրոպացիները տեսնում Հայաստանը։

-Նախևառաջ, թույլ տվեք նշել, որ նույնիսկ երբ Հայաստանը մաս էր կազմում նախկին Խորհրդային Միության, Գերմանիան, մշակութային և կրոնական պատճառներից ելնելով, հատուկ վերաբերմունք ուներ այդ երկրի նկատմամբ: Մենք քաջատեղյակ ենք Հայաստանի պատմությանը։ Ես իհարկե զգույշ կլինեմ Հայաստանը կոչել եվրոպական կամ ոչ եվրոպական երկիր: Թերևս քրիստոնեական մշակույթի տեսանկյունից, Հայաստանն անշուշտ խորապես ներհյուսված է եվրոպական արժեհամակարգին: Սակայն կարծում եմ, որ պետք է մշտապես զգույշ լինել և մրցակցություն չդնել Մոսկվայի և Բրուսելի կամ Բեռլինի միջև։ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ զարգացնի Եվրամիության հետ` միաժամանակ նաև շարունակելով լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ։ Նույն այս խորհուրդը Գերմանիայի դեսպանը և ես տվեցինք նաև ուկրաինացիներին։ Եթե ցանկանում եք ունենալ լավ շփումներ և բարելավել ձեր հարաբերությունները Եվրամիության հետ, ապա չպետք է մերժել Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացումը։ «Միշտ էլ ավելի լավ է զամբյուղում մի քանի ձու ունենալ»։

-Պարոն դեսպան, շատ շնորհակալություն զրույցի և Ձեր շատ հետաքրքիր մտքերի ու կարծիքների համար։

-Շատ շնորհակալ եմ: Հաճելի էր շփվել Ձեր լսարանի հետ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ արգելափակելով 2 մլրդ դոլարը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
23:06
Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՃՏՊ է տեղի ունեցլ Քուչակ գյուղի մոտակայքում։ «Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
22:47
Ադրբեջանում ավիավթարի պատճառ են համարում ՌԴ-ի հետ փակ սահմանները. DW
Գերմանական «Դոյչե վելե» պարբերականը գրում է, որ «Հազարավոր ադրբեջանցի աշխատանքային միգրանտներ կանոնավոր կերպով մեկնում են...
Աղբյուր` Panorama.am
22:30
«Հայոց պատմության» 7-րդ դասարանի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ այն պետք է կոչվի «Հայաստանի պատմություն».Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ քովիդի պատճառով ընթերցել է«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը և ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը չի նախատեսում սահմանափակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ
«Azerbaijan Arilines»-ի ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղարկել ավիաընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
21:38
Ողբերգական դեպք, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը բժշկական կենտրոնում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
21:10
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պայմանավորվել են վաղը հանդիպել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին  հայտնեց հանդիպմանը մասնակցած...
Աղբյուր` Panorama.am
20:52
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են ,շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես ուշ տուն գալը և ընտանիքի անդամների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 20:00-ի դրությամբ՝ ձյուն և բուք ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}