ԻԻՀ Մեջլիս. Իրանական նավթի առաքումը Եվրոպա կկասեցվի մինչև սահմանված պատժամիջոցի օրը
Իրանական նավթի առաքումը Եվրոպա կկասեցվի մինչև սահմանված պատժամիջոցի օրը:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Մեջլիսը:
Հայատարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Մեջլիսն աջակցում է իրանական նավթի առաքումը Եվրոպա կասեցնելու վերաբերյալ ԻԻՀ նավթի նախարարության նախաձեռնությունը: Իրանը չի սպասի, մինչև մոտենա ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցի օրը»:
Հիշեցնենք, որ իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` ԻԻՀ նավթի նախարար Ռոսթամ Ղասեմին փետրվարի 5-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իրանական նավթի արտահանումը եվրոպական երկրներ կկասեցվի և հավելել, որ ԻԻՀ Մեջլիսի և կառավարության միջև խնդրի առնչությամբ որևէ տարաձայնություն չկա:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 23-ին ԵՄ անդամ երկրները, քննարկելով իրանական նավթի նկատմամբ էմբարգո կիրառելու հարցը, որոշում կայացրեցին էմբարգո կիրառել հուլիսի սկզբից: Որոշման համաձայն` ԵՄ անդամ երկրները մինչև 2012թ. հուլիս ամիսը պետք է դադարեցնեն Իրանի հետ նավթի ներմուծման մասին կնքված պայմանագրերը:
Իրանական նավթը տոկոսային հարաբերակցությամբ ներկրում են հետևյալ երկրները` Ճապոնիա (14%), Հարավային Կորեա (10%), Չինաստան (22%), ասիական այլ երկրներ (12%), Հնդկաստան (13%), Հարավային Աֆրիկա (4%), Իսպանիա (6%), Իտալիա (7%), Թուրքիա (7%), ԵՄ անդամ այլ երկրներ (5%):