Իրանական կայք. Թուրքիայի փոխվարչապետն Իրանի հասցեին անհիմն դատարկաբանել է
Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ժամանակ, խոսելով Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձությունների հանդեպ Իրանի ունեցած դիրքորոշման մասին, անհիմն կերպով նշել է. «Արդյո՞ք արժանի է, որ Իրանն անվանվի իսլամական, քանի որ նա Սիրիայի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ նույնիսկ մեկ նախադասություն չի ասել»: Այս մասին գրում է իրանական «իրդիփլոմաթիք.քոմ» կայքն ու հավելում, որ Թուրքիայի փոխվարչապետն Իրանի հասցեին անհիմն դատարկաբանել է:
Արձագանքելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի` Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքին` իրանական աղբյուրը նշում է. «Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությունն այն պարագայում է հնչում, երբ պաշտոնական Թեհրանը Սիրիայի հարցում բազմիցս հանդես է եկել իր հստակ դիրքորոշմամբ, այն է` սիրիական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով` առանց արտաքին ուժերի միջամտության: Ի հեճուկս Իրանի, Թուրքիան միջամտելով Սիրիայի ներքին գործերին և միջազգայնացնելով այդ հարցը, ջանում է վնաս հասցնել Դամասկոսին»: