Կ. Աճեմյան. Առանց արցախյան կողմի ակտիվ ու ընդգծված մասնակցության, անհնար է պրոցեսում էական տեղաշարժ գրանցել
«2011 թվականին Կազանում կայացած եռակողմ հանդիպումից հետո ԼՂ բանակցային գործընթացում բավականին անորոշ էլեմենտներ նկատվեցին, սակայն իրավիճակը փոքր-ինչ հստակեցվեց Սոչիում կայացած, նույն ֆորմատով, հերթական հանդիպմանը: Հանդիպման արդյունքում տարածված հայտարարության մեջ կողմերը պատրաստակամություն հայտնեցին, մինչ օրս իրականացված աշխատանքները նկատի ունենալով` շարունակել բանակցային գործընթացը և ակտիվացնել այն»,- անդրադառնլով ԼՂ հարցում նկատվող վերջին զարգացումներին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Ըստ պատգամավորի, չնայած այն հանգամանքին, որ իսկզբանե պարզ էր, առանց Հիմնարար սկզբունքների փաստաթղթի անհնար էր բանակցային պրոցեսում առաջքայլ կատարել, Կազանում, ձախողելով հանդիպումը, Ադրբեջանը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար հանդես եկավ առաջարկությամբ` առանց Հիմնարար սկզբունքների համաձայնեցման, անցնել Խաղաղության համաձայնագրի մշակման աշխատանքներին:
«Սոչիում տարածված հայտարարության մեջ նշվում էր, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել` արագացնել Հիմնարար սկզբունքների հարցով պայմանավորվածությունների ձեռքբերումը՝ նկատի ունենալով մինչ այժմ կատարված աշխատանքը, ինչը նշանակում է, որ միջնորդները կտրուկ Ադրբեջանի հասկացրեցին, որ առանց Հիմնարար սկզբունքների փաստաթղթի ընդունման, անհնար է անցնել Խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքներին: Հայտնի է, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ, իր ապակառուցողական քայլերը քողարկելու համար, քննադատության թիրախ է ընտրում ոչ միայն հայկական կողմերին, այլ նաև միջնորդ երկրներին: Ավելին, Ֆրանսիայի Ազգային ժողովում ու Սենատում սկիզբ առած հայտնի պրոցեսից հետո, Ադրբեջանը նույնիսկ հանդես եկավ Ֆրանսիային` համանախագահ երկրների շարքից հեռացնելու առաջարկությամբ: Սակայն, Սոչիում տարածված հայտարարությամբ ֆիքսվում է, որ նախագահները բարձր են գնահատում համանախագահ երկրների միջնորդական գործունեությունը և հույս հայտնել, որ այդ երկրներն, այդ կարգավիճակում, հետագայում ևս, ակտիվ դերակատարություն կունենա կարգավորման գործում՝ ընդհուպ մինչև տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը»,- հավելեց Կ. Աճեմյանը:
Նա հիշեցրեց, որ դեռևս 2011 թվականին մարտի 5-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարությամբ նշվում էր, որ կողմերը պետք է ձգտեն բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն:
«Սակայն այդ հայտարարությունից մի քանի ամիս անց, ադրբեջանական կողմն ամեն կերպ խոչընդոտում էր այդ հայտարարության մեջ նշված կետերի կատարումից և հենց այդ պատճառով այս տարի կայացած հանդիպումից հետո տարածված հայտարարությամբ նրան հիշեցվեց դրա կատարման անհրաժեշտության մասին:
Շատ կարևոր էր այն հանգամանքը, որ կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ նպաստելու մտավորականության, գիտական ու հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսության հետագա ծավալմանը»,- ասաց նա:
Խորհրդարանականի խոսքերով, Ադրբեջանը պետք է հասկանա, որ հիմնախնդիրը լուծելու ամենակարևոր քայլերից է իր` մաքսիմալիստական դիրքորոշումից հրաժարվելն ու Արցախի իշխանությունների հետ ուղղակի բանակցությունների մեջ մտնելը:
«Ակնհայտ է, որ առանց Արցախի ժողովրդի և իշխանությունների ակտիվ ու ընդգծված մասնակցությամբ, անհնար է պրոցեսում էական տեղաշարժեր գրանցել: ԼՂ հակամարտության գործընթացում նկատվող զարգացումները, մասնավորապես, Սոչիում կայացած հանդիպումն ապացույցն են այն բանի, որ միջազգային հանրության մոտեցումները համընկնում են հայկական կողմի պատկերացումներին»,- եզրափակեց նա: