«Միսիս Տատիկ աշխարհ-2012» Լ. Ծատուրյանի գեղեցկության գաղտնիքը. «Անչափ բարի եմ, ուրախ մարդ եմ, շատ եմ պարում»
Հունվարի 19-23-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած «Միսիս Տատիկ աշխարհ-2012» գեղեցկության, տաղանդի միջազգային մրցույթ-փառատոնում հաղթող է ճանաչվել երեք երեխաների մայր և երկու թոռնիկների տատիկ Լուիզա Ծատուրյանը: Լուիզա տատիկը 52 տարեկան է, նրան «Miss Grandma Universe-2012» մրցույթին ներկայացրել է Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգան:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի նախագահ, «Միսս և Միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը, արդեն երեք տարի է, ինչ կազմակերպվում է տատիկների գեղեցկության մրցույթը, սակայն այդ հեղինակավոր մրցույթում առաջին անգամ իր մասնակցությունն ունեցավ Հայաստանը:
Ըստ նրա՝ մրցույթին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած տատիկներ: Մրցույթն ընթացել է երեք փուլով. մասնակցության հայտ են ներկայացրել 300 հոգի, սակայն ընտրական փուլ անցել են 25-ը, իսկ եզրափակիչ փուլ՝ 15 երկրների ներկայացուցիչներ: Հայազգի տատիկը հանդես է եկել 36-55 տարիքային խմբում և գրավել առաջին գլխավոր մրցանակը: Ինչ վերաբերում է նրան, որ գեղեցկության մրցույթների մասնակիցները պարտադիր պետք է համապատասխանեն 90-60-90 չափանիշներին, ապա Ա.Խաչատրյանը նշեց, որ այս չափանիշները վաղուց չեն պահպանվում, իսկ այս մրցույթում հիմնական պայմանն այն էր, որ մասնակիցները պետք է երեխաներ և թոռնիկներ ունենան:
Ա.Խաչատրյանի խոսքերով՝ Լուիզա Ծատուրյանը համաձայնել է մասնակցել միայն այն պայմանով, որ մրցույթին լողազգեստով հանդես չգա: Առաջին փուլում ազգային տարազի ցուցադրում է եղել, երկրորդում` տաղանդ և խոհարարություն, իսկ երրորդում` երեկոյան զգեստ: Հայաստանը ներկայացնող Լուիզան բեմ է դուրս եկել ճանաչված սիրիահայ դիզայներ Գևորգ Շադոյանի զգեստով՝ ազգային տարազը Հայաստանի դրոշով: Ի դեպ, ազգային տարազով հանդես են եկել միան Հայաստանի, Բուլղարիայի և Լատվիայի ներկայացուցիչները: Երկրորդ փուլում հայ տատկիկը ներկայացրել է հայկական կերակուրներ՝ տոլմա և սպաս, ինչպես նաև իր բեմադրած պարը, իսկ երրորդ փուլում հանդես է եկել իր ձևավորած երեկոյան զգեստով:
«Ինձ շատ երկար են համոզել, որպեսզի այս մրցույթին մասնակցեմ, բայց քանի որ պետք է ներկայացնեի հայ կնոջ կերպարը միջազգային ասպարեզում, դրա համար մեծ սիրով մասնակցեցի: Շատ ուրախ եմ, որ հայ կնոջ, տատիկի կերպարը ներկայացրեցի աշխարհին, և հայ տատիկը հաղթող ճանաչվեց ոչ միայն իր գեղեցկության, այլ մնացած արժանիքների համար»,- ասաց Լ. Ծատուրյանը:
Նրա խոսքերով՝ երբ ծանոթացել է տատիկների հետ և իմացել, թե նրանք ինչպես են հանդես գալու, այդ ժամանակ հավատացած է եղել, որ հաղթանակն իրենն է լինելու: «Սա թող գովեստ չհնչի, բայց երեք փուլերում համոզված եմ եղել, որ հաղթանակն իմն է լինելու»,- ասաց գեղեցկուհի տատիկը:
Իսկ թե ինչպես է Լ.Ծատուրյանին հաջողվել պահպանել իր գեղեցկությունը, նա նշեց, որ բնավորությամբ պարզ, նպատակասլաց և անչափ բարի մարդ է: «Երևի իմ բարության շնորհիվ է, որ արտաքին տեսքս պահպանել եմ»,- ասաց նա և հավելեց, որ երբևէ պլաստիկ վիրահատությունների չի դիմել, քսուկներ չի օգտագործել, դիետաներ չի պահել: «Ուրախ մարդ եմ, շատ եմ պարում, մի քիչ էլ զբաղվում եմ աերոբիկայով»,- ընդգծեց գեղեցկուհի տատիկը:
Լ.Ծատուրյանի խոսքերով՝ 50-ից հետո կնոջը թվում է, որ ինքը գնում է դեպի մայրամուտ, բայց այս մրցույթից հետո հոգեպես ավելի վստահ է իրեն զգացել և բոլոր տատիկներին խորհուրդ է տալիս, որ երբեք չհուսահատվեն, իրենց միայն ընտանեկան հոգսերով չծանրաբեռնեն, միայն թոռիկներին չխնամեն, այլ ավելի շրջահայաց լինեն և երբեք չընկճվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում