ՌԴ նախագահի թեկնածուները Պուտինի օրինակով հրաժարվել են հեռուստատեսային բանավեճերից
Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածուներ Սերգեյ Միրոնովն ու Միխայիլ Պրոխորովը հրաժարվել են հեռուստատեսային նախընտրական բանավեճերից նախագահի թեկնածու և գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի օրինակով: Այս մասին տեղեկացնում է «Իտառ-Տասս» գործակալությունը:
Նման որոշում թեկնածուները կայացրել են այն բանից հետո, երբ երեկ սկանդալային ավարտ է ունեցել նախագահի մեկ այլ թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկու և Պուտինի ներկայացուցիչ Նատալյա Նարոչնիցկայայի միջև տեղի ունեցած քննարկումը, որից հետո Պուտինի նախընտրական շտաբի ղեկավար Գովորուխինը արդարացված էր համարել Պուտինի դիրքորոշումը:
Մեկնաբանելով իր որոշումը, Միրովոն ասել է. «Ես չեմ պատրաստվում վստահված անձանց հետ բանավիճել», և հավելել, թե ինքը ևս ներկայացուցիչներ կուղարկի բանավեճերին մասնակցելու համար:
Միաժամանակ Միխայիլ Պրոխորովի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Օլգա Ստուկալովան նշել է, թե Պրոխորվը ևս չի մասնակցի հեռուստատեսային բանավեճերին, քանի որ նախընտրում է քննարկումներ վարել միայն նախագահի թեկնածուների հետ:
Ավելի վաղ, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն հայտարարել էր, թե վարչապետը նախագահի թեկնածուի կարգավիճակով չի մասնակցի հեռուստատեսային քննարկումներին, քանի որ դրա համար ստիպված կլինի արձակուրդ վերցնել:
Հիշեցնենք, ՌԴ նախագահական ընտրությունները կայանալու են սույն թվականի մարտի 4-ին: