Մշակույթի նախարարություն. Կքննարկվի Թեղուտի տարածքի «Խառատանոցի» դամբարանադաշտի պահպանության խնդիրը
«Թեղուտի հանքավայրի տարածքում ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված 9 հուշարձանների պահպանությունը, սահմանված կարգի համաձայն, իրականացվում է մշակույթի նախարարության համապատասխան մարզային կառույցի կողմից: Բացի պետական ցուցակում ընդգրկված հուշարձաններից, վերջին տարիների հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են պատմամշակութային արժեք ներկայացնող նորահայտ 6 օբյեկտներ ևս, որոնք նույնպես գտնվում են նախարարության նշյալ կառույցի պահպանության ներքո: Ելնելով առանձին հուշարձանների հետագա պահպանության խնդիրներից` մասնավորապես մշակվել և նախարարության գիտամեթոդական խորհրդի կողմից հավանության է արժանացել «Բովերի խեչ» գյուղատեղիի եկեղեցու տեղափոխման և վերականգնման նախագիծը: Համաձայն այդ նախագծի` եկեղեցու հետ միասին Շնողի գյուղապետարանի ավագանու որոշմամբ հատկացված և ՓԲԸ կողմից անհատ սեփականատիրոջից գնված տարածք կտեղափոխվեն նաև եկեղեցու խորանում գտնվող խաչքարն ու եկեղեցու հարավային և արևելյան կողմում գտնվող հուշաքարերը: Իսկ մյուս երկու օբյեկտների` «Խառատանոցի» դամբարանադաշտի ու այստեղ պեղումներով բացահայտված շինության հետագա պահպանության խնդիրը կքննարկվի հետազոտական աշխատանքների ավարտից հետո»,- այս մասին Panorama.am-ին հայտնեցին մշակույթի նախարարությունից:
ՀՀ կառավարության 2007 թ. նոյեմբերի 1-ի N 1278-Ն որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության 2008թ. հուլիսի 4-ի թիվ 416-Ա հրամանով հաստատվել է Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անխաթարությունն ապահովող միջոցառումների իրականացման ծրագիրը և ժամանակացույցը:
Ըստ այդմ, 2008 թ. իրականացվել է հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հաշվառման, դրանց պահպանական գոտիների կազմման աշխատանքները: 2009-2011 թթ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից տրված հետախուզման և հնագիտական պեղումներ կատարելու թույլտվության համաձայն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտն իրականացրել է Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ հողերի սահմաններում գտնվող 29 հա տարածքում հուշարձանների հետախուզման աշխատանքներ և հնագիտական պեղումներ, որոնք վերահսկվել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից` գործաշրջանի ընթացքում պեղավայր պարբերաբար կատարած աշխատանքային այցելությունների միջոցով:
Հնագիտական հետազոտությունների գիտական ամփոփ հաշվետվությունը յուրաքանչյուր տարի գործաշրջանի ավարտից հետո ինստիտուտը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարություն: Հայտնաբերված նյութերն ու տվյալները զգալիորեն լրացնում և թարմացնում են Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան շրջանների հնագույն, հին շրջանների, միջնադարի պատմության և մշակույթի ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը: Ըստ մշակույթի նախարարություն, 2008 թ. առ այսօր կատարված հետազոտական աշխատանքների արդյունքում, մասնագետների հավաստմամբ, որևէ հուշարձան չի ավերվել, կամ ոչնչացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են