Թուրքիայում արձան է ապամոնտաժվել Հայաստանի գերբին նման լինելու պատճառով
Թուրքիայի արևմտյան մասում գտնվող Քյութահիա նահանգի «Դումլուփնար» համալսարանի առաջամասից ապամոնտաժվել են արծվի և առյուծի արձանները` պատճառաբանությամբ, որ դրանք նմանակում են Հայաստանի Հանրապետության զինանշանին: Այդպիսի որոշում կայացվել է համալսարանի գիտխորհրդի նիստի արդյունքում: Ռեկտոր Ահմեթ Քարաասլանը, ըստ «CnnTurk» լրատվականի, դեպքի առնչությամբ տվել է հետևյալ պարզաբանումը.
«Մեր համալսարանի մուտքի մոտ տեղադրված արծիվն ու առյուծը գեղագիտական առումով շքեղատես չէին: Բացի այդ մենք բազմաթիվ բողոքներ ստացանք, որ այդ արծվի ու առյուծի արձանները շատ նման են Հայաստանի զինանշանին պատկերված արծվին ու առյուծին: Այդ իսկ պատճառով էլ մենք, քննության առնելով ստացված բողոքները, որոշեցինք ապամոնտաժել քանդակները»:
Արձանների հեղինակ, Թուրքական «Գազի» համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի դասախոս, քանդակագործ Աթանաս Քարաչոբանը վշտացել է կատարվածից և հատնել, որ առանց իր հետ խորհրդակցելու նման քայլի դիմելը շատ վիրավորական է:
«Երանի նախ ինձ հարցնեին,-ասել է Քարաչոբանը: - Իմ կերտած արձանը ոչ հեռվից, ոչ էլ մոտիկից ոչ մի կապ չունի որևէ գերբի հետ: Ես չեմ օգտվել զինանշանից: Առյուծն ու արծիվը թուրքերի խորհրդանիշներն են»: