«Վալեքսը» նոր հանքատարածքի ախորժակ ունի՞
«Ինչ է սա. ոսկո՞ւ թե՞ հանքի տենդ: Այսպես ուղղակի վաճառում ենք վաղվա սերունդների համար թողնվելիք ժառանգությունը և ակնհայտ է, որ օրեցօր մեծացող հանքարդյունաբերությունը էական փոփոխություններ քաղաքացիների կյանքում չի բերում»,- դիմելով վարչապետ Տիգրան Սարգսյանին ` ԱԺ-Կառավարություն ավանդական հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Նման որակումները ծնել էր Ս.Սաֆարյանին հասած տեղեկատվությունն այն մասին, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան ենթաշրջանի հատվածում` Կարմիր գեղի տարածքում, որը Թեղուտից այնքան էլ հեռու չէ, հանքաորոնողական ինչ-որ աշխատանքներ ու հորատումներ են իրականացվում. ականատեսը ընդդիմադիր պատգամավորին տեղեկացրել է նաև, որ այդ տարածքում շատ վաղուց շահագործվող մի թունելի մուտքն է բացվել:
Ի՞նչ է սա, հետաքրքրվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, ո՞վ է իրականացնում այդ աշխատանքները և ի՞նչ գիտի այդ ամենի մասին կառավարությունը:
Թեև Ս.Սաֆարյանն ակնկալում էր, որ հարցին կպատասխանի վարչապետը, բայց` «Կոնկրետ տեղեկատվություն այս տարածքում աշխատանքների կամ ծառահատումների մասով մենք չունենք: Կճշտենք` ձեզ տեղյակ կպահենք»,- հավաստիացրեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
«Բայց կարո՞ղ եք հերքել շրջանառվող լուրերը, որ այդ տարածքում որոնողական աշխատանքների լիցենզիա տրվել է դարձյալ «Վալեքս» ընկերությանը»,-հակադարձեց Ս.Սաֆարյանը` ակնհայտ չբավարարվելով նախարարի պատասխանից:
«Ես նման տեղեկատվություն չունեմ, նման հատկացում ու նման մրցույթ չի եղել: Բայց մինչ շաբաթվա վերջ ամբողջական ինֆորմացիան ես ձեզ կտրամադրեմ»,- եղավ նախարար Հարությունյանի պատասխանը:
Հիշեցնենք, որ հիշյալ ընկերությունը` «Վալեքսը», հանդիսանում է Թեղուտի շահագործողը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում