Ադրբեջանում 60 քաղբանտարկյալ կա. Լեյլա Յունուս
Ադրբեջանի խաղաղության և դեմոկրատիայի ինստիտուտի տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսը հայտարարել է, որ Ադրբեջանում ներկայումս 60 քաղբանտարկյալ կա: «Բիզիմ յոլ» թերթը հայտնում է, որ Լ.Յունուսն այդ մասին նշել է Ադրբեջանի ճանաչված հասարակական-քաղաքական գործիչների, կուսակցությունների ղեկավարների և լրագրողների հետ քաղաքական բանտարկյալներին ազատելու պահանջով համատեղ արված հայտարարության մեջ:
«Ադրբեջանի նման անազատ երկրներում քաղբանտարկյալների իրական թիվը պարզել հնարավոր չէ, քանի որ հնարավոր չէ հետևել մեծ թվով քաղաքական պատվերով իրար հետևից անցկացվող դատական գործընթացներին: Նման իրավիճակում ելքը մեկն է` պահանջել շտապ կերպով ազատ արձակել բոլոր ճանաչված քաղբանտարկյալներին և ուշադրությունն ուղղել մնացածների վրա: Իրավիճակն Ադրբեջանում փոխելու համար բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորեն իրենց ջանքերն այդ ուղղությամբ: Մեր հետազոտություններով` ներկայումս Ադրբեջանում 60 քաղբանտարկյալ կա, ում մեղքը մինչև այժմ ապացուցված չէ: Տեղի ունեցող անօրինականությունները մեծացնում են վտանգը, որ ամեն պահի մեզ էլ կարող են ձերբակալել: Այդ պատճառով էլ մենք պետք է մեծացնենք մեր բոլոր ջանքերը մեր իսկ ազատության համար»,- ասվում է հայտարարության մեջ: