Ի. Մուրադյան. «ՀԱԿ/ՀՀՇ-ն ձգտում է իշխանության` Արցախը հանձնելու նպատակով»
«Голос Армении»-ն ներկայացրել է հարցազրույց քաղաքագետ Իգոր Մուրադյանի հետ: Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին` Իգոր Մուրադյանը նշել է, որ երկրում կայուն ներքաղաքական վիճակ ունենալու համար ցանկալի է, որ խորհրդարանը կազմված լինի երկու կուսակցությունից` ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից. «ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ներկայիս դրությամբ ամենաանխնդրահարույց քաղաքական ուժերն են այսօր, որոնք հետաքրքրված են հասարակության կայունության մեջ և պատրաստ են ընդառաջ գնալ ազգային շահերին: Եթե մտածող մարդիկ ցանկություն ունեն լսելի լինել իշխանությունների կողմից, ապա նրանց համար առավել ընդունելին այս երկու կուսակցություններն են»,-ասել է քաղաքագետը:
Խոսելով այսօրվա քաղաքականության մեջ ՀԱԿ-ի դերի մասին` Ի. Մուրադյանն ասել է. «ՀԱԿ-ը, որը կար և մնում է նույն ՀՀՇ-ն, հայկական ներքաղաքական կյանքի ամենագլխավոր և վտանգավոր թյուրիմացությունն է: ՀՀՇ-ն իշխանության է գալիս Լեռնային Ղարաբաղը հանձնելու և «հանձնման» գաղափարը լեգիտիմացնելու մտադրությամբ: ՀՀՇ-ն նույնիսկ չի էլ թաքցնում իր այդ մտադրությունը և այդ պարագայում նրանց հնարավոր կլինի կանգնեցնել միայն ու միայն ռազմական ուժի միջոցով»: Իգոր Մուրադյանը նաև նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր բավականաչափ հավասարակշռված քաղաքականություն է վարում ՌԴ-ի, Արևմուտքի և ԱՄՆ-ի միջև, ինչի արդյունքում նույնիսկ ԱՄՆ-ին հարկավոր չէ հանցավոր գործունեության մեջ թաթախված ՀՀՇ-ն: