Կ.Հակոբյան. «Մշակույթի բոլոր նախարարները շեղվել են իրենց բուն պարտականություններից»
«Մշակույթի նախարարության պարտականությունը ոչ թե էկոնոմիկայի նախարարության աշխատանքներին օժանդակելն է, այլ մեր մշակութային արժեքների պահպանելը», - այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը` մեկնաբանելով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հայտարարությունը, թե Թեղուտում գտնվող հուշարձանները կտեղափոխվեն և կհանձնվեն պահպանության։ «Ցավալի է, որ մշակույթի նախարարությունը դարձյալ իր դերում չէ», - ասաց նա:
Ըստ բանախոսի, մշակույթի նախարարությունը պետք է իր վերաբերմունքն արտահայտեր դեռ 2006 թվականին, երբ Թեղուտի հետ կապված պայմանագրեր ստորագրվեցին:
«Նախարարությունն այն ժամանակ պետք է հանդես գար բողոքով: Նա պիտի դեմ լիներ դրան, որովհետև վտանգվում են շատ արժեքավոր մշակութային կոթողներ, որոնց թվում` բրոնզեդարյան հնագիտական բնակավայրը: Ստացվում է, որ հանուն քիմիական թափոնների մենք վերացնում ենք ոչ միայն բնությունը, այլ նաև` մեր պատմությունն ու մշակույթը», - ասաց Կ.Հակոբյանը:
«Ժառանգության» վարչության քարտուղարի խոսքով` նախարար Պողոսյանի հայտարարությունը ոչ թե հիմնախնդրի լուծման տարբերակն է, այլ հանցագործություն:
«Մշակութային կոթողը`լինի դա հուշարձան կամ եկեղեցի, գոյություն ունի իր միջավայրում: Սա մատիտ չէ, որ մի տեղից մյուսը տեղափոխվի: Իսկ մշակույթի նախարարության պարտականությունն է բողոքել և պաշտպանել մշակույթի արժեքները. այդ հնազանդությունն իմ համար անհասկանալի է», - ասաց Կ.Հակոբյանը:
Ըստ բանախոսի, մշակույթի արժեքների հանդեպ նման վերաբերմունքը ոչ թե գործող նախարարից է, այլ, ընդհանրապես` մշակույթի պահպանման հստակ քաղաքականության և համապատասխան օրենսդրության բացակայությունից:
«Ես չեմ ուզում, որ այս խնդիրն կապեք միայն ներկայիս նախարարի հետ: Մշակույթի բոլոր նախարարները շեղվել են իրենց բուն պարտականություններից»,– ասաց Կ.Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում