Հ. Խառատյան. Մարդահամարի նախնական ցուցանիշներին չեմ հավատում
Երկու օր առաջ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց նախորդ տարի անցկացված մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշները: Ըստ այդմ, առկա բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 2,871,509 մարդ: 2001թ. մարդահամարի արդյունքներով, այդ ցուցանիշը կազմել էր 3, 002, 598 մարդ:
Դրանց վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ:
-Տիկին Խառատյան, մտահոգի՞չ են թվերը:
-Թվերը մտահոգիչ են, և պրոբլեմ կա, որ մենք այդ թվերին առանձնապես չենք հավատում:
-Ինչո՞ւ:
-Կարծում եմ, որ շատ ավելի մեծ արտահոսք կա երկրից, մեր բոլոր հետազոտությունները այդ են վկայում: Կարծում եմ, որ այդ թվերը քիչ են ներկայացված երկրի բնակչությանը հանգստացնելու նպատակով: Կարծում եմ, որ մարդահամարն արդեն անցկացվել էր ոչ այնքան պատշաճ կերպով:Բայց նույնիսկ այս թվերը խիստ մտահոգիչ են:
-Նման մտահոգիչ թվեր հրապարակվելուց հետո կառավարության հաջորդ քայլը ո՞րը պետք է լինի:
-Կառավարության քայլերը ես չեմ տեսնում, կառավարությունը վաղուց իրեն, այսպես ասենք, ազատել է երկրի խնդիրների վերաբերյալ բուն քաղաքականություն մշակելու պարտականությունից, և ըստ էության հայտարարում է, թե մենք ի՞նչ կարող ենք անել, երբ մարդիկ գնում են: Կարելի է կարծել, որ մարդիկ գնում են, երբ կառավարությունը ստեղծել է նորմալ, արդար հարաբերություններ, հասարակական ոչ օտարման, մթնոլորտ, ուղղակի այդ մարդիկ չեն սիրում իրենց երկիրը, թողնում գնում են: Այսպիսի մի պատկեր է ստացվում: Կառավարությունից կարծում եմ, ոչինիչ չպետք է սպասել: Այս դեպքում մարդիկ երկու ելք ունեն` կամ բունտ անել, կամ թողնել գնալ: Իսկ մեր հասարակությունը կարծում եմ, վաղուց արդեն ի վիճակի չէ բունտ անել և հեղափոխական միջոցներով փոխել իր կյանքը:
-Ինչո՞ւ:
-Հասարակության հիշողության մեջ «մարտի 1» կա, հասարակությունից արդեն վաղուց հեռանում են ակտիվ և քիչ թե շատ պոտենցիալ ունակություններով մարդիկ, որովհետև հասարակությունը դարձել է թուլակամ և սոցիալական կարիքների մի ամբողջություն: Հասարակության մեջ կամային հատկանիշները զգալիորեն նվազել են:
-Տիկին Խառատյան, կարծում եք, Ազգային վիճակագրական ծառայությունը միտումնավո՞ր է թվերն ավելի լավ ներկայացրել:
-Ես կասեմ այսպես. Ազգային վիճակագրական ծառայությունը փորձում է մաքսիմալ ներկայացնել թվեր, որը մի փոքր մեղմում է երկրի ընդհանուր նվազման պատկերը: Գուցե դրա մեջ մեթոդաբանական խնդիր է դրված: Ես հիմա չասեմ, որ այդ թվերը կեղծ են ներկայացված, ես ասեմ, որ չեմ հավատում, թե դրանք իրական պատկերն են ներկայացնում: