Հիշատակի հանդիսություն և գրքի շնորհանդես՝ նվիրված Սերգեյ Իսրայելյանի ծննդյան 75-ամյակին
Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ փետրվարի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա հիշատակի հանդիսություն նվիրված բեմադրող օպերատոր և ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սերգեյ Խորենի Իսրայելյանի ծննդյան 75-ամյակին: Երեկոյի ընթացքում տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված Էդուարդ Համբարձումյանի «Սերգեյ Իսրայելյան. վարպետի գործը» գրքի շնորհանդեսը: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ մշակույթի նախարարությունից:
Սերգեյ Իսրայելյանն իր օպերատորական աշխատանքներով փայլել է ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ Խորհրդային Միությունում: Նրա աշխատանքներից են բոլորի կողմից սիրված «Խաթաբալան», Թումանյանի «Հեքիաթները», «Եռանկյունին», «Նահապետը», «Կտոր մը երկինքը» և այլ ֆիլմեր:
Սերգեյ Իսրայելյանը հայտնի է նաև իր ռեժիսորական աշխատանքներով. «Գիքոր», «Ճերմակ անուրջներ», «Պատանդները» և այլն:
Սերգեյ Իսրայելյանը 1955 թ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1965 թ. ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը: 1977 թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1987 թ.՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
1987-2003 թթ. եղել է Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության նախագահ: 1988 թ. դասավանդել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները