«Полигон Азербайджан». Ադրբեջանի իրական պատմությունը` «համաշխարհային քաղաքական գործընթացների ֆոնի վրա և համատեքստում»
«Շատ գրքեր կան, որոնք ներկայացնում են Ադրբեջանի պատմությունը և որոնցում հայ-ադրբեջանական հարաբերությունները լուսաբանվում են ղարաբաղյան լույսի ներքո, մինչդեռ, իրականում, հակառակն է: Այդ իսկ պատճառով` կարևորելով Ադրբեջանի պատմության ճշգրիտ ներկայացումը, մեկուկես տարվա ընթացքում գրեցի այս գիրքը, սակայն գրքում ներառված փաստացի նյութերը տարիների ընթացքում եմ հավաքվել»,-«Полигон Азербайджан» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց հեղինակը` Արիս Ղազինյանը: Նշենք, որ գրքի նախապատրաստման աշխատանքներն իրականացվել են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» կողմից:
Ներկայացնելով գիրքը` հեղինակն ասաց, որ այն կազմված է երեք բաժնից: Առաջին մասը ներկայացնում է ադրբեջանական ազգի ձևավորման տրամաբանությունն ու պատմությունը: Երկրորդ բաժնում ներկայացված է ադրբեջանական պատմագրությունը. տարբեր օրինակների հիման վրա հեղինակը ցույց է տվել ադրբեջանական պաշտոնական պատմագրության զարգացման հիմնական տրամաբանությունը և օրինաչափությունները:
Երրորդ գլուխը ներկայացնում է Ադրբեջանի պետականության զարգացման պատմությունը:
«Ադրբեջանը, որպես պետականություն, հռչակվել է 1918 թվականին, Էնվեր փաշայի եղբայր` Նուրի փաշայի կողմից: Բաքուն դարձել է Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք միայն 1918 թվականին Բաքվում իրականացված հայերի ջարդերից հետո»,- ասաց Ա. Ղազինյանը ու շարունակեց, որ Ադրբեջանն ունի երեք հանրապետություն, ու ամեն անգամ ադրբեջանական նոր պետականության հռչակման պատմական պայմանները ենթադրել են հայերի ջարդեր:
«Մեզանում տարածված կարծիք կա, որ ժամանակ առ ժամանակ հայերի նկատմամբ ջարդեր իրականացնող ադրբեջանցիները բարբարոս են եղել, հետամնաց և այլն: Սակայն իրականում այդպես չէ: Պետք է միշտ հիշել, որ հայկական ջարդերի ավանգարդում եղել են ադրբեջանական մտավորականներ, խմբագիրներ, պատմաբաններ, ինժեներներ»,- ասաց նա:
Ա. Ղազինյանը նշեց, որ փորձել է ներկայացնել իրական պատմությունը, քանի որ միջազգային հանրության ներկայացուցիչները, փորձագետները այնքան էլ լավ չեն տիրապետում հարցին և ադրբեջանական քարոզչամեքենան, անընդհատ ներկայացնելով իր տեսակետները, համոզիչ է դարձնում դրանք:
«Ամենակարևորն այն է, որ այս գիրքը կարողանա ծանոթացնել իրական պատմության հետ և, ըստ այդմ, կարողանա փոխել նրանց մտածելակերպը, կարծիքները»,- ասաց գրքի հեղինակը` ընդգծելով, որ գրքում Ադրբեջանի պատմությունը ներկայացված է համաշխարհային քաղաքական գործընթացների ֆոնի վրա և համատեքստում:
Լուսանկարները` Լիլիան Գալստյանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան