Արոնյանի խոսքը ՖԻԴԵ-ում կշիռ ունի
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այն բանից հետո, երբ Ադրբեջանը պաշտոնական հայտ ներկայացրեց ՖԻԴԵ` աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարքը Բաքվում անցկացնելու համար, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը նամակով դիմեց միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին` բացառելով Բաքվում խաղալու տարբերակը:
ՖԻԴԵ-ում հաշվի առան Արոնյանի դիրքորոշումը: «Սպորտ Էքսպրես» թերթը հայտնում է, որ Կիրսան Իլյումժինովը հաստատել է` մրցաշարը կանցկացվի Լոնդոնում, հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում: Կազմակերպիչը գործարար Էնդրյու Պոլսոնի կողմից ստեղծված «Ագոն» ընկերությունն է, որին ՖԻԴԵ-ն փոխանցում է աշխարհի շախմատի տղամարդկանց առաջնության խաղարկության առաջիկա ցիկլերի կազմակերպման իրավունքը:
Չկարողանալով հավակնորդների մրցաշարն անցկացնել Բաքվում` Կիրսան Իլյումժինովը, այնուամենայնիվ, որոշել է, որ Լոնդոնում կխաղա նաև ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը: Վերջինս հունվարյան վարկանշային սանդղակում զբաղեցնում է 5-րդ տեղը: Այլ կերպ ասած` իրականացրել է Ադրբեջանի ցանկությունը: Այդ երկիրը ներկայացուցիչ կարող էր ունենալ միայն տանտիրոջ դերում հանդես գալու դեպքում, ուստի պայքարում էր կազմակերպման իրավունքի համար: Սակայն ՖԻԴԵ-ն, նախապատվությունը տալով ոչ թե Բուլղարիային, այլ Լոնդոնին, Վեսելին Տոպալովի փոխարեն մրցաշար գործուղեց Ռաջաբովին: Եվ դա հասկանալի է` վարկանշային սանդղակի վերնամասում անգլիացի շախմատիստներ չկան…
Իրադարձություններն ահա այսպիսի խելահեղ ընթացք ստացան: Հայտնի էր, որ հայտ են ներկայացրել միայն Ադրբեջանն ու Բուլղարիան, բայց հանկարծ խոսվեց Լոնդոնի թեկնածության և «Ագոն» ընկերության հետ համագործակցության մասին: Եվ թեպետ վերջինիս հետ դեռ պայմանագիր չի ստորագրվել, նրա առաջարկներն սկսել են իրագործվել…
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան