Ա. Զաքարյան. ԵԺԿ-ն փաստեց՝ ՀՀԿ-ն պատասխանատու, ձևավորված կուսակցական կառույցներով քաղաքական ուժ է
Հայաստանի «Հանրապետական», «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները պաշտոնապես դարձել են Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդ անդամ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական վեհաժողովում Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Պատգամավորի խոսքով, երբ 2008թ.-ին ՀՀԿ-ն ԵԺԿ-ին անդամագրվելու հայտ ներկայացրեց, սկսվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի գործընթաց, որն անցած 4 տարիների ընթացքում դրական ազդեցություն ունեցավ ինչպես ՀՀԿ ներկուսակցական կյանքի, այնպես էլ ՀՀԿ-ի միջոցով՝ ՀՀ արտաքին և ներքին քաղաքական կյանքի վրա:
«Ըստ էության, երեկ արձանագրվեցին մեր նախորդ տարիների հաջողությունները»,- նշեց Ա. Զաքարյանը:
Ըստ բանախոսի՝ շատ կարևոր էր այն հանգամանքը, որ նախօրերին ԵԺԿ-ի համաժողովին ներկայացված փաստահավաք խմբի զեկույցում ՀՀԿ-ն բնութագրվել է որպես ժողովրդավարական, քաղաքական լուրջ դերակատարում ունեցող, հաստատակամ, պատասխանատու, ձևավորված կուսակցական կառույցներով քաղաքական ուժ, որն ունի հստակ գաղափարախոսություն:
«Կուսակցություն, որն ունի խոշոր, կայացած անընդհատ զարգացող և իր հետևից նոր ուժեր բերող կադրային ներուժ: Այս ամենը, ըստ էության քննարկվեց, և ընդունվեց առանց որևէ դեմ քվեարկության. եղավ ընդամենը 3 ձեռնպահ, ինչը մենք գնահատում ենք որպես քաղաքական նկատառում:
Իհարկե, Մարսելում կայացած գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած նախորդ հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ՀՀԿ պատվիրակությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ԵԺԿ նախագահ պարոն Մարտենսը արդեն հայտնել էր կուսակցության քաղաքական դիրքորոշումը: Այստեղից կարելի է ենթադրել, որ այսպիսին էր ԵԺԿ-ի տրամադրվածությունը և մոտեցումը»,- նշեց Ա. Զաքարյանը:
Նա տեղեկացրեց, որ փաստահավաք խմբի առաքելության վերջնական եզրակացությունները, համաձայն ընթացակարգերի, երեկ հաստատվեցին համաժողովում և մեր 3 կուսակցությունների ներկայացուցիչները, ստորագրեցին հուշագիր, որում իրենց նվիրվածություն են հայտնում ԵՄ-ը ամենախոշոր քաղաքական միավորի՝ ԵԺԿ-ի գաղափարական ընդհանուր սկզբունքներին. դրանք, ՀՀԿ-ի համար ըստ էության զուգորդվում են քրիստոնեա-դեմոկրատական և պահպանողական արժեքների ամբողջականությամբ:
«Այս տեսանկյունից, շատ կարևոր են նաև մեր երկրում առաջիկայում կայանալիք ընտրական գործընթացները: Պետք է փաստել, որ հետաքրքրությունն այս հարցում բավականին մեծ է և բոլորը լիահույս են, ՀՀ-ում կայանալու են բարձր մակարդակի, ժողովրդավարության բոլոր սկզբունքներին համապատասխան, նախորդ ընտրություններից անհամեմատ ավելի լավ ընտրություններ: Եվ պատահական չէ, որ մեր եվրոպացի գործընկերները արձանագրում են ՀՀ վերջին տարիների անշեղ զարգացման գործընթացը՝ դիտարկելով այն որպես դեպի նոր հաջողությունների անկասելի ընթացք»,- ավելացրեց ՀՀԿ-ական գործիչը:
Նա նշեց, որ ԵԺԿ-ին անդամակցումը, ոչ միայն կուսակցական խոշոր հաջողություն է, այլ նաև Հայաստանի համար կարևորագույն ձեռքբերում:
«Սա մեր երկրի արտաքին քաղաքականության համար մի նոր հարթակ է, բազմակողմ և երկկողմ հարաբերությունների զարգացման նոր միջավայր է: Սա մի շատ կարևոր գործընթաց է, որի արդյունքները ավելի տեսանելի և շոշափելի կդառնան առաջիկայում»,- ասաց Ա. Զաքարյան:
Հիշեցնենք, որ ԵԺԿ-ին անդամակցության հայտ էր ներկայացրել նաև Հայաստանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն այն մերժվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները