Հայ լրագրողը Եվրադատարանում հայց է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի
Ըստ թուրքական «Haber3.com» լրատվական կայքի `Թուրքիայի Բաթման քաղաքում ապրող հայազգի լրագրող Ջևաթ Սինեթը Թուրքիայում ապրող ոչ մահմեդականների հանդեպ ցուցաբերվող կրոնական խտրականության, ռասսիստական վերաբերմունքի և հաշմանդամ քաղաքացուն վիրավորելու համար հայցով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Բանն այն է, որ 2010թ. սեպտեմբերի 15-ին Ջևաթ Սինեթը հաշմանդամության քարտ ստանալու համար դիմել է Բաթմանի նահանգապետարանի սոցիալական ծառայությունների նահանգային վարչություն, որտեղ իր կրոնի, ազգության և հաշմանդամության պատճառով վարչության աշխատակցի կողմից արժանացել է նվաստացուցիչ վերաբերմունքի:
«Այնտեղի աշխատողն ինձ վիրավորեց` ասելով. «Անձնագրիդ մեջ գրված է քրիստոնյա: Դու Բաթմանի հա՞յ ես: Քո վրա՞ ենք ժամանակ կորցնելու»:
Նրանց վերաբերմունքը ինձ շատ վիրավորեց: Միակ բանը, որ ուզում եմ անել, դա արդարության վերականգնում է: Ես աշխատակցի դեմ բողոք գրեցի, սակայն դատարանը բողոքս մերժեց և հիմա էլ դիմել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- պարզաբանել է հայազգի լրագրողը: