«Haber7.com». Ցեղասպանության օրինագծին աջակցելու համար Սարկոզին դիմել է հրեական համայնքին
Ըստ թուրքական «Haber7.com» լրատվական կայքի` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծին աջակցելու համար դիմել է այդ երկրի հրեական համայնքին: Ըստ աղբյուրի, այս մասին Ֆրանսիայի նախագահը խոսել է Ֆրանսաբնակ հրեաների ներկայացուցիչների հետ ավանդական ճաշկերույթի ժամանակ:
«Թուրքիան մեծ երկիր է: Սակայն բոլոր իմաստներով «մեծ» լինելու համար ցանկացած երկիր պետք է կարողանա նայել իր պատմության թե լուսավոր և թե մութ էջերին,- ասել է Սարկոզին: - Եթե Թուրքիան առերեսվի իր պատմության հետ, ապա ավելի կբարձրացնի իր պատիվը: Ցանկանում եմ, որ այս մասին դուք էլ խորհեք: Եթե այս երկրում որևէ մեկը կարող է հերքել այլ ցեղասպանության եղելությունը, ապա մի օր էլ մեկ ուրիշը դեմ դուրս կգա հրեական ցեղասպանության փաստին»:
Նույն աղբյուրի համաձայն` Ֆրանսիայում քաղաքական կուլիսներում քննարկվում է այն հարցը, որ եթե սահմանադրական դատարանը չեղյալ համարի հայոց ցեղասպանութայն հերքումը քրեկանացնող օրենքը, ապա հրեաների ցեղասպանության հերքման վերաբերյալ ընդունված համանուն օրենքը նույնպես չեղյալ կհայտատարվի:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին ընդունել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացող օրինագիծը, որը սահմանում է մինչև 1 տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք պատմական այդ իրողությունը ժխտելու համար: