Շիրխանյան. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո երկրում արտակարգ իրավիճակ չի լինի»
«Հայաստանում արտակարգ դրության հայտարարելու դեպքում բանակը պետք է ավելի զգոն լինի երկրի սահմանների նկատմամբ, այլ ոչ թե դրվի գործածության մեջ», - այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը` անդրադառնալով Ազգային Ժողովին` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» կառավարության կողմից ներկայացրած օրինագծին: Ըստ բանախոսի` ցանկացած երկիր պետք է ունենա «Արտակարգ դրության մասին» օրենք, բայց Հայաստանի անվտանգության համակարգը բավարար է երկրի կայունությունը պահպանելու համար:
«Հայաստանի ներքին զորքերը, անվտանգության ուժերը լիովին բավարար են երկրում կայունությունը պահպանելու համար, և բանակի ներգրավումը երկրի ներքին կյանքին ավելորդ եմ համարում», - ասաց նա:
Ըստ բանախոսի`օրինագծի ընդունումը չէր դառնա բուռն քննարկման առարկա, եթե հանրությունը չհիշեր 2008թ. մարտի 1-ին դեպքերը:
«Մարտի մեկը այլանդակ դրսևորում էր մեր ժողովրդի, քաղաքականության և աշխարհի հանդեպ»,- ասաց նա:
Ի պատասխան լրագրողների հարցին, թե արդյոք իշխանությունն այս օրենքի ընդունումով չի փորձում իրեն ապահովագրել առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր արտակարգ դրություններից` պաշտպանության նախկին փոխնախարարը, նկատելով, որ օրենքը կարող էր ընդունվել 1 տարի կամ 6 ամիս առաջ, ասաց.
«Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո երկրում արտակարգ իրավիճակ չի լինի: Խորհրդարական ընտրություններ են առջևում, նախագահական ընտրություներ չեն։ Այստեղ կարծիքների բախումը շատ ավելի մեղմ է, քան նախագահական ընտրությունների ժամանակ»:
Վ.Շիրխանյանը կարևորեց նաև, որ վերջին 2 տարում իշխանությունները ձեռնարկել են քայլեր` ժողովրդի հոգսերը թեթևացնելու համար:
«Պետությունը ձեռք է առնում արդյունաբերության, գյուղանտնտեսության ոլորտներում հոգսերը լուծելու միջոցներ:Եթե առաջիկայում ձեռնարկված քայլերն ավելի լուրջ լինեն, ապա մինչև նախագահական ընտրություն, լարվածությունը, դժգոհությունն ավելի կմեղմանա, իսկ դրա համար պետք է դադարել դեմոկրատացման մասին խոսելուց և պետք է խոսել սոցիալ-դեմոկրատացման մասին` այսինքն փոխել տնտեսական կառավարման համակարգը», - ասաց բանախոսը:
Նրա կարծիքով` Հայաստանը կարող է արտակարգ դրության մեջ հայտնվել երկու դեպքում. սոցիալական ընդվզումների կամ այն դեպքում, եթե ղարաբաղյան խնդրում լինի ոչ հայանպաստ լուծում:
«Բայց Ղարաբաղի դեպքում ոչ թե արտկարգ դրություն պետք է մտցվի, այլ՝ ռազմական։ Մնում է միայն սոցալական պահը։ Սոցիալական ընդվզումն էլ կարելի է կանխել լավ աշխատելով։ Եվ այդ արտակարգ դրության մասին օրենքը կմնա չօգտագործված», – ասաց Վ.Շիրխանյանը` հույս հայտնելով, որ օրենքը երբեք չի կիրառվի։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում