«Սթար». «Մեր նման ընկերություններին «ճնշելը» կարող է դիտվել որպես լավ PR քայլ»
Երեկ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Առևտրի և ծառայությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է առևտրի օբյեկտների և առևտրի իրականացման վայրերի հստակ սահմանման, տեղակայման, օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների կիրառման պահանջով։
Այսինքն՝ փոքր և միջին խանութների պաշտպանության նպատակով կառավարությունն ըստ էության ընթանում է սուպերմարկետների ընդլայնման սահմանափակումների ճանապարհով։ Իսկ դա նշանակում է, որ խոշոր խանութներ բացելու համար պետք է տրվի թույլտվություն՝ հաշվի առնելով բնակավայրի բնակչության թվաքանակը։
Այս թեմայի շուրջ խոսեցինք «ՍԹԱՐ» առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի հետ: Նա տեղեկացրեց, որ մասնավորապես՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում տեղ գտած փոփոխությունների մշակման ժամանակ առևտրի խոշոր ցանցերի ոլորտը ներկայացնող ընկերությունների հետ ոչ մի քննարկում չի եղել, մինչդեռ իրենք բազմիցս պատրաստակամություն են հայտնել կառավարության և պետական այլ մարմինների հետ քննարկել տնտեսական այն բոլոր հարցերը, օրենսդրական նախաձեռնությունները, որոնց հետ կապ ունեն:
«Կարծում եմ, որ այդ քննարկումների արդյունքում օրենքները միայն դեպի լավը կփոխվեն: «Սթար»-ը, լինելով առաջադեմ և պատասխանատու ընկերություն, յուրաքանչյուր հարցին նայում է ոչ միայն սեփական բիզնեսի, այլ նաև հասարակության շահերից ելնելով, քանի որ մեր գործառույթների առաջին նպատակը, միսիան` հաճախորդներին որակյալ և պահանջված ծառայություններ մատուցելն է»,- ասաց Վ.Քերոբյանը:
Ըստ Վ.Քերոբյանի՝ ենթադրվում էր, որ այս օրենք պետք է ընդունվեր:
«Աշխարհի զարգացած երկրներում գոտիավորման վերաբերյալ օրենքներ արդեն գործում են, սակայն, եթե այդ երկրներում օրենքներն ընդունվում են տնտեսվարող սուբյեկտներին զերծ պահելու համար չհաշվարկված կամ չնախատեսված ներդրումներից և կարգավորելու համար մանրածախ քաղաքակիրթ առևտրի հավասարաչափ բաշխվածությունը, ապա այս դեպքում, նրա խոսքերով, օրենքն ընդունվել է PR նպատակներով:
«Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ՝ համարելով, որ հաճախորդը պետք է ընտրի այն առևտրի ձևը, որից ինքն ուզում է օգտվել: Չեմ կարծում, որ ճիշտ է որևէ թաղամասի բնակչությանը չթողնել օգտվել սուպերմարկետներից, քանի որ կան բավարար չափով այլ խանութներ: Հաճախորդը պետք է ունենա ընտրության հնարավորություն, այլ բան է, որ որևէ համայնքում խոշոր առևտրի օբյեկտները պետք է չգերազանցեն որևէ սահմանաչափ, քանի որ դրանց գերկոնցետրացիան տնտեսապես անարդյունավետ կլինի»,- նկատեց Վ.Քերոբյանը:
Հարցին, թե օրենսդրական փաթեթի մեջ որպես հիմնավորում նշվում է, որ այսօր որոշ թաղամասերում գերկոնցետրացիա կա և արդյոք դա ճիշտ է, «ՍԹԱՐ» առևտրային ցանցի գործադիր տնօրենը պատասխանեց, որ իրականում դա այդպես չէ, քանի որ Հայաստանում կատարված ողջ առևտրից միայն 10-15 տոկոսն է բաժին ընկնում քաղաքակիրթ առևտրին, իսկ Երևանի «ծանրաբեռնված» համայնքներում՝ 30 տոկոսից ոչ ավելի է: Մինչդեռ զարգացած երկրներում, օրինակ՝ Շվեդիայում այն կազմում է ընդհանուր մանրածախ առևտրի 95 տոկոսը, Մոսկվայում՝ 70 տոկոսը: «Եթե սուպերմակետները վատը լինեին, ապա սպառողները այն չէին ընտրի: Մենք առաջարկում ենք ծառայությունների շատ ավելի լայն շրջանակ ավելի մատչելի գներով՝ հաշվի առնելով այն, որ մենք շատ ավելի արդյունավետ և մեծ մասշտաբներով ենք կարողանում այդ գործառույթները իրականացնել, որի շնորհիվ հաճախորդներին հասցնում ենք մատչելի և որակյալ ապրանք»,- նշեց Վ.Քերոբյանը:
«ՍԹԱՐ»-ի գործադիր տնօրենը կարծում է, որ սուպերմարկետները օգնում են ավելի արդյունավետ կառավարել գործընթացները: Մասնավորապես, ըստ նրա, սուպերմարկետները ստիպում են, որպեսզի մատակարարներն իրենց ապրանքներն ու ծառայությունները արտադրեն այնպես, ինչպես պահանջում է սպառողը, ինչը չի կարելի ակնկալել միջին խանութներից:
Վ.Քերոբյանի խոսքերով, իսկ եթե հարցին նայենք օրինական դաշտում աշխատելու տեսանկյունից, ապա փոքր և միջին խանութները բացարձակապես դուրս են օրինական դաշտից, իսկ խոշոր ընկերությունները այս դեպքում ավելի վերահսկելի են:
Այդուհանդերձ, Վ.Քերոբյանը կարծում է, որ ըստ էության ճիշտ օրենք է, քանի որ չի կարելի թույլ տալ, որպեսզի մարդիկ անհիմն և չնախատեսված ներդրումներ անեն:
Այսինքն՝ պետությունը պետք է մտածի այն մասին, որպեսզի իր երկրում ներդրումներն ավելի արդյունավետ լինեն:
«Կարծում եմ՝ օրենքը վաղաժամ է, բայց ես դեմ չեմ այն մտքին, որ կառավարությունը մտածի վաղվա օրվա մասին»,- ասաց նա:
Վ.Քորոբյանը նաև նշեց, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխության է ենթարկվում ընդամենը մեկ դրույթ, իսկ մի շարք այլ դրույթներ, որոնք շատ ավելի փոփոխության կարիք ունեն՝ անփոփոխ են մնում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է օրենքի այն դրույթներին, որոնք կապված են սննդամթերքի անվտանգության խստացման հետ:
«Սթար»-ից օրական օգտվում է 50 հազար մարդ, նույնքան էլ մյուս սուպերմարկետներից: Բնական է, որ խոշոր առևտրային ցանցերը բնակչության ուշադրության կենտրոնում են գտնվում, և մեր նման ընկերություններին «ճնշելը» կարող է դիտվել որպես լավ PR քայլ»,- ասաց Վ.Քերոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա