Փոխնախարար. Ինտերնետն այնքան շատ է Հայաստանում, որ առնող չկա
Հայաստանը բնակչության քանակի և համացանցի հասանելիության համամասնությամբ զբաղեցնում է առաջին հորիզոնականը ԱՊՀ-ում: Նման տվյալներ է հրապարակել «InternetWorldStats» միջազգային կազմակերպությունը:
Ինչպես հրապարակել էր Panorama.am-ը , Հայաստանի 2,967,975 բնակչության մոտ 47, 1 տոկոսը, այն է` 796 հազ. 550 մարդու համար 2011 թ-ի հունիսի տվյալներով ինտերնետը հասանելի է:
Panorama.am-ը զրուցել է տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանի հետ, ում խոսքով, կոմունիկացիոն խնդիր ունեցող Հայաստանը նման ցուցանիշ կարողացել է ապահովել քաղաքացիների շնորհիվ:
-Պարոն Ալեքսանյան, ի՞նչ չափանիշներով է հաշվարկվում այդ ցուցանիշը:
-Միջազգային կազմակերպության անկախ փորձագետներն ամեն տարի գալիս են Հայաստան, նրանք տվյալներ են հավաքում, թե քանի օգտվող կա լայնաշերտ ինտերնետից, հեռախոսից, գծային ինտերնետից: Սրանց հանրագումարից պարզվում է, թե որքանով է հասանելի ինտերներտը: Մեզ մոտ դինամիկան աճել է, քանի որ մեծ ներդրումներ կան, երկիրը այն համարում է գերակա ճյուղ: Մարդիկ էլ շահագրգռված են այդ գործիքից օգտվել, զարգացման համար պարարտ հող կա: Այժմ պետք է աշխատել բովանդակության վրա, որպեսզի ինտերնետում հայկական բովանդակությունը մեծ լինի: Հայերը հիմնականում օգտվում են դրսի ինֆորմացիայից:
-Ցուցանիշը տեխնիկական միջինի արդյունք է, դա մեզ բավարարո՞ւմ է:
-Իրոք, այդպես է, բայց բավարարում է այնքանով, որքանքով աճ կա: Պետք է սա ֆիքսել ու գնալ առաջ: Մենք ունենք դեռ խավ, որը վճարունակ չէ, հիմնականում մարզերում ապրողները: Մեր խնդիրն է, որ ինտերնետը հասանելի լինի մարզերում ու հեռավոր շրջաններում, որտեղ խելացի երեխաներ շատ կան: Ծրագրում ենք, որ ամեն մի մարզ ու գյուղ պետք է ունենա այդ հնարավորությունը: Մենք չպետք է ասենք, որ եթե ցուցանիշը 47 տոկոս է, ուրեմն արդեն լավ է: Պետք է գանք մի մակարդակի, որ բոլորի տանը ինտերնետը դառնա գործիք: Իսկ դրա համար մարդկանց պետք է նախ կրթել, ապա ապահովել ինտերնետով: Կարող ես այդ լարը հասցնել գյուղ, բայց մարդիկ էլ պետք է պատրաստ լինեն օգտվել դրանից: Ժամանակի ու ներդրման խնդիր է: Այս արդյունքը կարճ ժամանակում մեծ ներդրումների հաշվին է եղել, որովհետև 4G-ով աշխատող համակարգ շատ քիչ երկրներում կա: Ճիշտ է, մեր բնակչությունը փոքր է, բայց օգտագործողները ռեալ են: Պետք է ստեղծել բովանդակություն, օրինակ անցնել էլեկտրոնային առևտրի, համակրգչով մարդիկ պետք է կարողանան գործ անել տանը:
-Ըստ վիճակագրության, Հայաստանում լայնաշերտ ինտերներնետից օգտվողները 378 158-ն են:
-Գիտե՞ք, կան ռեստորաններ, կան մարդիկ, որ գնում են` չալաղաջներ են ուտում, մարդ էլ կա` միայն սուրճ է խմում: Հիմա եթե մարդուն բավարարում է բջջային հեռախոսով նամակներ ուղարկել-ստանալ, լուրերը կարդալ, իրեն շատ բան պետք չէ: Եթե մարդիկ հասկանան, որ իրենց այլ բաներ են պետք, ապա շատ արագ կգտնեն: Հիմա շուկան ինքը գտնում է իր հաճախորդին: Դա առաջվանը չէ, հիմա ինտերնետն այնքան շատ է Հայաստանում, որ առնող չկա: Մի քանի տարվա համեմատ թվերը տասն անգամ ավելացել է, գիգաբիթ արագություն կա արդեն Հայաստանում: Շուկան հագեցած է, դրա համար ինտերնետի նոր մատակարար տեսականորեն առաջիկա տարիներին չի լինի: Ինտերնետն այսօր այն գնին է, որ դրանից ցածր հնարավոր չէ պատկերացնել: Կարծում եմ, որ կլինեն մատակարարներ, որոնք կմիավորվեն, կստեղծեն կոնսորցիումներ: Զարգացման ճանապարհը դրան է տանում:
-Կոմունիկացիոն խնդիրներ ունեցող Հայաստանի պարագայում կարո՞ղ ենք խոսել ինֆորմացիոն անվտանգության մասին:
-Ծավալային առումով` այո, իսկ որակական մասով, քանի որ մեր կախվածությունը հիմնականում Վրաստանից է /այնտեղից եկող երեք մագիստրալ ունեք, Իրանից` մեկ/, անվտանգ չէ: Հիմա քննարկվում է արբանյակային կապ ունենալու տարբերակը, որը կախվածության այդ խնդիրը կլուծի: Հիմա կան արբանյակներ, որոնք շատ մեծ արագություն են տալիս, պարզապես գնային խնդիր կա: Այժմ քննարկվում է, թե ինչ գնով կարելի է ձեռք բերել, այն բավականին թանկ է ու կա գնողունակության խնդիր: Պետք է շահագրգռված լինեն համապատսխան ընկերությունները միասին վերցնեն: Հիմա որոնումների փուլում ենք, փորձում ենք հասկանալ որն է մեզ ձեռնտու` թե տնտեսապես, թե որակապես: Կարծում եմ, որ տարվա վերջ հարցը կլուծվի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին