ՎիվաՍել-ՄՏՍ-ի ապրանքային նշանը կտեղադրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին
Հունվարին կայացած` ՀԴՄ կտրոնների խաղարկության հաղթողներից 15-ին ՀՀ պետեկամուտների կոմիտեն տրամադրել է ավտոմեքենաներ: Խաղարկությանը մասնակցած մնացյալ 300 կտրոնները ներկայացրած անձանցից 100-ը կստանան «MTS Touch 551» բջջային հեռախոս, իսկ 200-ը` «ՄՏՍ կոնեկտ Դայմոնդ» 3G մոդեմ և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» հետվճարային սակագնային պլան` ամսական 0 դրամ ամսավճարով` 6 ամիս ինտերնետից օգտվելու հնարավորությամբ:
Խրախուսական նվերները հանձնել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հաշվի առնելով վերջին օրերի անբարենպաստ եղանակային պայմանները, միջոցառման էին հրավիրվել բացառապես Երևանի և հարակից մարզերի բնակիչները: Խաղարկությամբ շահած մնացյալ 220 անձինք, նվերները կստանան ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարածքային սպասարկման կենտրոններից` ս.թ. փետրվարի 15-ից սկսած:
Ընկերությունից հիշեցնում են, որ 2012թ. հունվարի 14-ին կայացած վիճակահանության արդյունքներով (որին մասնակցում էին 2011թ. դեկտեմբերի ՀԴՄ կտրոնները) ներկայացվել է շուրջ 1700 ՀԴՄ կտրոն, և դրանցից 315-ը ներկայացրած անձինք վերընշված մեքենաներն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած սարքերը շահեցին` ըստ առավելագույն քանակով նիշերի համընկման և գործարքների առավելագույն արժեքների: Հունվարին կայացած խաղարկությանը շահել են նաև 4 թվերի համընկնումով կտրոնները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է Հայաստանում և 2011թ. տվյալներով` Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Որպես Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջամարտիկ` ընկերությունը որդեգրել է թափանցիկ գործելաոճ և հարգանք օրենքի հանդեպ, ինչը դրսևորվում է հարկային պարտավորությունների անթերի կատարմամբ նաև: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ապրանքային նշանը 2012 թվականի ապրիլից կտեղադրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին:
Անցած 3 տարիների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեին հաջողվել է զգալի միջոցառումներ ձեռնարկել մանրածախ առևտրի հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ` ակտիվացնելով հանրային մասնակցությունը ՀԴՄ կտրոն պահանջելու գործընթացում:
ՀԴՄ կտրոնների վիճակահանությունների արդյունքում 2009-ից պարգևավճար է տրամադրվել շուրջ 800 հազար ՀԴՄ կտրոնների համար` մոտ 720 միլիոն դրամ ընդհանուր գումարով, իսկ ավելի քան 314 հազար չշահած կտրոնների խմբաքանակների համար վճարվել է շուրջ 5,8 միլիարդ դրամի բոնուս:
2011թ.-ին Պետական եկամուտների կոմիտեի կողմից մեր համաքաղաքացիներին որպես շահում արդեն տրամադրվել է 180 ավտոմեքենա: Ուստի, ՀԴՄ կիրառման հանրային հսկողության առավել խրախուսման նպատակով, բացի ամսական խաղարկվող 15 ավտոմեքենաներից, քաղաքացիները որպես պարգևավճար կստանան նաև բջջային հեռախոսներ, մոդեմներ ու «ՄՏՍ Կոնեկտ անսահմանափակ» հետվճարային սակագնային պլան` ամսական 0 դրամ ամսավճարով` շուրջ 6 ամիս ինտերնետից օգտվելու հնարավորությամբ: Բջջային հեռախոսները, մոդեմները և համապատասխան սակագնային պլանը տրամադրում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: