«Տիտղոսի համար» պայքարում ՀԱԿ-ը պարտվեց
Անդրադառնալով Հրազդանում քաղաքապետի ընտրություններին, որտեղ Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը հաղթել է ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանին` «Голос Армении»-ն գրում է, որ ՀԱԿ ղեկավարությունը չէր էլ թաքցնում այն փաստը, որ Հրազդանի ընտրություններն իրենց համար կռիվ է «տիտղոսի համար»` ընդ որում նախապես պարտված կռիվ: Նույնիսկ այնպիսի հայտնի գործիչների` ինչպես Արամ Մանուկյանը, Դավիթ Շահնազարյանը, Պետրոս Մակեյանը, Գուրգեն Եղիազարյանը, ակտիվ ներգրավվածությունը ընտրություններում, չօգնեց ՀԱԿ-ին հաղթել ընտրություններն առանձին վերցրած քաղաքում:
«… Այսուհետ ինչպե՞ս կարելի է խոսել այն մասին, որ ՀԱԿ-ը կարող է լուրջ տեղ գրավել երկրի սոցիալ-քաղաքական կյանքում»,-գրում է թերթը: Հոդվածում ներկայացված է նաև ընտրությունների ընթացքում և դրանցից հետո սոցիալական ցանցերում տիրող ակտիվությունը` մասնավորապես, որ ՀԱԿ-ի շտաբից ակտիվիստները կեղծ տեղեկատվություն էին տարածում, որը հետո հենց իրենք` Կոնգրեսի ղեկավարները ստիպված էին լինում հերքել: Նշելով, որ ՀԱԿ ակտիվիստների կողմից սոցիալական կայքերում Սասուն Միքայելյանի օգտին չքվեարկած ՀՀ շարքային քաղաքացիների հասցեին հնչեցվել են վիրավորանքներ ու հայհոյանքներ` ГА-ն գրում է. «ՀԱԿ-ը պետք է սովորի արժանապատվությամբ կրել սեփական պարտությունները և չբարդել դրանց պատասխանատվությունը ՀՀ շարքային քաղաքացիների վրա»: