«Բենզինի գործ». Ամբաստանյալը ճանաչեց իր մեղքը և ասաց, որ օժանդակել է Մարգար Օհանյանին
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «բենզինի գործի» շրջանակներում ընթացող դատական նիստում ամբաստանյալ Սամվել Մախմուրյանը ճանաչեց իր մեղքը և ասաց, որ օժանդակել է Մարգար Օհանյանին յուրացումներ կատարելու գործում:
Նախ, դատական նիստում նա հրաժարվեց ցումունք տալուց, ինչպես նաև հանրային պաշտպանի աջակցությունից: «Նախաքննության փուլում տված իմ ցուցմունքները նույնն են և չեն փոխվել», -դատարանում հայտարարեց ամբաստանյալ Մախմուրյանը: Դրանից հետո միայն դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ, մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը ամբողջությամբ ընթերցեց նախաքննության փուլում տված Սամվել Մախմուրյանի ցուցմունքը:
Իր նախաքննական ցուցմունքում Սամվել Մախմուրյանն ասել է, որ Ճանապարհային ոստիկանությունում տարբեր գումարտակներին բաշխված բենզինի քանակը պակաս է տրվել, սակայն ներկայացված է եղել ավել քանակով: Այնուհետև նախորդ տարեվերջին որպես մեղադրյալ հարցաքննվելու ժամանակ Մախմուրյանն ասել է, որ ճանաչում է իր մեղքը: «Ես ճանաչում եմ ինձ որպես մեղավոր, որ աջակցել եմ Մարգար Օհանյանին: Լիովին մեղավոր եմ ճանաչում ինձ, քանի որ փաստացի ստացված բենզինի քանակը մի քանի տոննա ավել եմ ներկայացրել», -ցուցմունքում նշել է Մախմուրյանը:
Այնուհետև պարզաբանել է, որ այդ մասին իր անմիջական ղեկավար, նույն գործով ամբաստանյալ Արա Լևոնյանին հարցրել է, թե ինչո՞ւ են ավել քանակ ներկայացնում, նա էլ պատասխանել է, որ ղեկավարությունը գիտե այդ մասին:
«Գիտակցել եմ, որ աջակցել եմ Ճանապարհային ոստիկանության պետին, բայց դրանում չեմ ունեցել ֆինանսական որևէ շահագրգռվածություն, ուղղակի վախեցել եմ, որ կկորցնեմ աշխատանքս: Զղջում եմ արարքիս համար», -ասել է ՃՈ նախկին աշխատակիցը:
Նշենք, որ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը մեղադրվում է խոշոր չափի յուրացումներ անելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա