Քաղաքապետարանի ուշացած պատասխանները. Կանենք, սպասենք նոր ցանցին, մեր գործը չէ
Երևանի քաղաքապետարանն ուշացումով ու օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ պատասխանել է «Երևանի ծայրամասեր. Մութ, փոշոտ փողոցներ, աղաղակող վերելակներ» հրապարակման մեջ բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ իրենց ուղղված հարցերին:
Հիշեցնենք, որ հրապարակման մեջ Panorama.am-ն անդրադարձել էր մայրաքաղաքի ծայրամասերում գտնվող փողոցների ու թաղամասերի խնդիրներին: Քաղաքապետարանի միջոցով Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմից տեղեկացրել են, որ Նազարբեկյան 25 և 26 շենքերի բակային տարածքները կանաչապատելու և բարեկարգելու համար պետք է կատարվեն նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի կազմման աշխատանքներ: Այդ գործընթացի ավարտից հետո՝ նշված հասցեները կընդգրկվեն 2013 թվականի կանաչապատման և բարեկարգման ծրագրում: «Իսկ բարեկարգման ամենամյա ընթացիկ աշխատանքները վարչական շրջանի բոլոր բակային տարածքներում կսկսվեն գարնանը»,-ասված է գրավոր պատասխանում:
Ինչ վերաբերում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընդգրկված Հաղթանակ թաղամասի տրանսպորտային խնդրին, ապա Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին, որ երթուղային նոր ցանցի գործարկմամբ խնդիրը կհարթվի: Ցանցը իրականություն կդառնա «շատ շուտով, ավելի շուտ, քան երկու ամսից»:
Թաղամաս մտնող երկու երթուղայինները` 23 և 56, հատկապես երեկոյան ժամերին շատ վատ են աշխատում, երբեմն էլ մարդիկ ստիպված են լինում սպասել 30-40 րոպե, ինչը ես ստիպված էի անել հենց երեկ երեկոյան` ժամը 19:20-ից սկսած:
Հիշեցնենք, որ «Երևանտրանս» ընկերության տնօրենը դեռ մի քանի տարի առաջ հայտարարել էր, որ Երևանի տրանսպորտը պետք է զարգանա մինչև 2011 թ.:
Ինչ վերաբերում է թաղամասի որոշ փողոցներում ընդհանուր կոյուղատարերի, ֆիքսված կապի ու բնական գազի բացակայությանը, ապա քաղաքապետարանը ուղղորդել է հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների մոտ:
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կազմի մեջ մտնող Հաղթանակ թաղամասում իրականացվել է 57.0 մլն. ՀՀ դրամ արժեքի 400 մմ տրամագծով 500 մետր երկարությամբ կոյուղու փոխարինում, որի արդյունքում վերացվել են հաճախակի կրկնվող վթարները և խցանումները։ Հաշվի առնելով «Երևան Ջուր» ՓԲԸ-ի ֆինանսական հնարավորությունները՝ նախատեսվում է պայմանագրային 6-րդ տարում /սկսվում է 01.06.2011թ. ավարտվում է 31.05.2012թ/ Երևան քաղաքում կոյուղու ցանցի վերակառուցման աշխատանքների վրա ծախսել 169.2 նլն. ՀՀ դրամ»,-ասված է պատասխան նամակում: Նշենք, որ եղել են դեպքեր, երբ այս ընկերությունն էլ սկզբում հրաժարվել, ապա մեծ դժվարությամբ է համաձայնել կոյուղատար չունեցող բնակիչներին իրենց բաժանորդը դարձնել ու խմելու ջուր տրամադրել:
Նախորդող հրապարակում`
Քաղաքապետարանն արձագանքեց. Այդ փողոցների ասֆալտապատման խնդիրը հաշվի կառնվի
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՆԵՐԿԱ ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում