Լսումների ընթացքում դիալոգ չկայացավ
Այսօր Ազգային ժողովում կայացան 100% համամասնական ընտրակարգի անցնելու հարցով խորհրդարանական լսումները, որը նախաձեռնել էին ՀՅԴ, «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները:
Դատելով լսումների ընթացքում հնչած ելույթներից` կարելի է նկատել, որ մասնակիցները խորհրդարան էին եկել գլխավորապես իրենց կարծիքը բարձր ամբիոնից հնչեցնելու և ոչ մի կերպ միմյանց կարծիքները լսելու: Այլ կերպ ասած այսօր խորհրդարանում հնչեցին բազմաթիվ մոնոլոգներ և չկայացավ դիալոգ (այս կապակցությամբ լսումների մասնակիցներին խորհուրդ ենք տալիս ընթերցել սա:
Քաղաքական գործիչների ու փորձագետների (որոնք առավելապես քաղաքական գործիչների տպավորություն թողեցին) այսօրվա պահվածքն ինքնին հաստատում է, որ Հայաստանին պետք է ոչ թե համամասնական, այլ մեծամասնական ընտրական համակարգ: Պարզաբանեմ:
Ինչպես գիտենք, քաղաքականությունը կոմպրոմիսների արվեստ է: Այսինքն` դա գործունեության մի տեսակ է, երբ մարդիկ շահերի ընդհանրության հիման վրա համախմբվում են և մեկ այլ խմբի (կամ բազմաթիվ այլ խմբերի) հետ փորձում են փոխզիջումների հիման վրա լուծումներ փնտրել ու առաջադրել:
Իսկ ընտրություններն, իրեցն հերթին, մի մեխանիզմ են, որի շնորհիվ քաղաքական այրերը կամ խմբերը կոմպրոմիսների են գնում շարքային քաղաքացիների` ընտրողների հետ: Իսկ ընտրողի հետ կոմպրոմիսի հետ գնալու ամենակարճ ճանապարհը նրա հետ անմիջական շփումն է: Հետևաբար` որպեսզի պարզենք, թե որ ընտրակարգն է հարմար մեր երկրին, նախ պետք է պատասխանենք հարցին` որ տարբերակով է պատգամավորության թեկնածուն շփվում իր ընտրողի հետ և տեղերում կոմպրոմիսներ փնտրում: Կարելի է նաև հակառակը` ո՞ր տարբերակով են քաղաքական ու կուսակցական գործիչները հրաժարվում ընտրողի հետ անմիջական շփումից ու բավարարվում բարձր ամբիոններից տարածվող հռետորաբանությամբ: Այս հարցերի պատասխանն էլ, ըստ էության, հաստատում է այն միտքը, որ խորհրդարանական այսօրվա լսումները փաստում են, որ մեզ անհրաժեշտ է մեծամասնական ընտրակարգ, որը մեր այսօրվա պայմաններում քաղաքական գործիչ կռելու հնարավորություն ունի, այլ ոչ համամասնական, որի արդյունքն այն է լինում, որ քաղաքական դաշտում տոն են տալիս միայն «վոժդերը»:
Իմիջիայլոց, թեմայի հետ անմիջապես առնչվող մի խնդիր էլ կա: Որքան հասկանում եմ, 100% համամասնականին կողմ քաղաքական ուժերից ու գործիչներից որևէ մեկը Հայաստանի գյուղերում չի շրջել ու մարդկանց տրամադրվածությունն այս հարցում չի ստուգել: Ասել կուզենք` փորձ էլ չի արվել այս հարցի շուրջ շարքային մարդկանց, ընտրողների հետ գոնե ձևական կոմպրոմիսներ ձևավորել: Եվ չնայած դրան, որոշ քաղաքական գործիչներ ու էքսպերտներ իրենք իրենց իրավունք են վերապահել հայտարարելու, որ այս հարցում հասարակության մեջ կա կոնսենսուս:
Օրինակ, Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ «մեծամասնական ընտրակարգը վերացնելու հարցում իշխանական և ընդդիմադիր ուժերը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության լայն շրջանակները միասնական տեսակետ ունեն։ Գաղափարական առումով որևէ դեմ կարծիք մինչև օրս, ըստ էության, չի հնչել»։ Հայտնի չէ, թե նման եզրահանգումն ինչ տվյալների ու դատողությունների հիման վրա է արվել, բայց պետք է տեղեկացնենք, որ այս թեմայի շուրջ միայն մեզ մոտ մի քանի հրապարակում է տեղ գտել, ըստ որում դրանց հեղինակները եղել և մնում են ՀՀ քաղաքացիներ ու նաև ունեն ընտրական իրավունք: Ուստի «գաղափարական առումով որևէ դեմ կարծիք» փնտրողներին առաջարկում ենք ծանոթանալ այդ հրապարակումներին:
Նախորդիվ`
Ինչի՞ համար է այս աղմուկը
Խնդիրը մի պատառ ավել պոկելն է, ոչ թե հաղթելը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում