Ռ. Յիրիկյան. Մենք մտածում ենք ապագայի մասին, մտահոգված ենք ապագայով
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) հինգ կրթական հաստատությունների` Քվանտ և Պոլիտեխնիկի հենակետային վարժարաններին, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին ու թիվ 131 և ԱՅԲ ավագ դպրոցներին հանձնեցին ուսումնական ռոբոտներ խմբակներում դասավանդելու համար:
«Մենք լավագույն դպրոցներին հանձնեցինք կոնստրուկտոր ռոբոտ, որով կարող են խմբակներ գործել: Ցանկանում ենք տեսնել` խմբակներն այս տիպի ռոբոտների հետ ինչպես կաշխատեն, որպեսզի դրա հիման վրա նախագծենք հայկական կոնստրուկտոր ռոբոտ: Այնուհետև հայաստանյան բոլոր դպրոցներում ռոբոտաշինության խմբակներ կգործեն»,- այս մասին ասուլիսում ասաց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նա նաև ասաց, որ նախորդ տարի Հայաստանում անցկացված Արմռոբոտիքս առաջնության շրջանակներում հետաքրքիր փաստ է արձանագրվել. դպրոցները սկսել են ակտիվ զբաղվել ռոբոտաշինությամբ և դա տալիս է արդեն իր պտուղները:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռայֆ Յիրիկյանն ասաց, որ համագործակցելով ԻՏՁՄ-ի հետ, նպատակ ունեն երկրում զարգացնել ռոբոտաշինությունը: «Այսպիսի ծրագրերն ունեն հեռանկար: Մենք մտածում ենք ապագայի մասին, մտահոգված ենք ապագայով: Մեր շուրջը նայելով, տեսնում ենք, որ հիմնականում մտածում են այսօրվա մասին:
Ապագայի մասին ոչ ոք չի մտածում: Սա սխալ է: Եթե ուզում են տեսնել զարգացում, առաջընթաց մեր երկրում, պետք է ներդրում կատարենք ապագայի համար, որպեսզի ունենաք զարգացած ու կայուն ապագա»,- ասաց նա` ընդգծելով, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ձեռք է մեկնում տեխնոլոգիայի, ներառյալ ռոբոտիքսի, ոլորտի զարգացումը խթանելու առումով, ինչը կնպաստի միջազգային շուկաներում մեր երկրի համար մրցունակության ապահովմանն ու վարկանիշի բարձրացմանը:
Կ. Վարդանյանն ասաց, որ տնտեսությունը հնարավոր է մոդեռնիզացնել հենց ռոբոտաշինության միջոցով: Նա նաև ասաց, որ ռոբոտ պատրաստող երեխան շատ է տարբերվում այլ երեխաներից. դպրոցում նա սկսում է ուսուցիչներից ավելի շատ բան պահանջել:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ասաց, որ իրենք մասնակցելու են բոլոր մրցույթներին` ցանկանալով օգնել այս ոլորտի զարգացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին