Արաբաջյան. «Ռոստելեկոմ»-ի մուտքին կհաջորդեն ներդրումներ ու նոր զարգացումներ
«Ռոստելեկոմ»-ը ինտերնետի միջազգային շուկայում բավականին մեծ դեր է խաղում, բավականին սոլիդ ընկերություն է, նման խոշոր ընկերությունների մուտքը Հայաստան ես անձամբ ողջունում եմ: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը, խոսելով «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի ու ռուսական խոշորագույն մայրուղային օպերատոր «Ռոստելեկոմ» ընկերության միջև կնքված գործարքի մասին:
«Սա լրացուցիչ ապացույց է, որ Հայաստանի ինտերնետ շուկան զարգանում է, հավատ կա այդ զարգացման նկատմամբ, նույնիսկ արտասահմանյան խոշոր ընկերություններին է հետաքրքրում այն»,-ասաց Արաբաջյանը:
Հանձնաժողովի անդամը մանրամասնեց, որ գործարքը տեղի է ունեցել մայր ընկերության բաժնետոմսերի վաճառքի միջոցով, ոչ թե ուղղակի լիցենզավորված անձի, այդ պատճառով օրենքով նախատեսված կարգով մասնակցություն չի ունեցել:
«Կարծում եմ ընկերության մուտքին կհաջորդեն ներդրումներ, դրան էլ կհաջորդեն նոր զարգացումներ, տեխնոլոգիաներ: Պետք է մի քիչ սպասել, և արդյունքներ կտեսնենք»,-ասաց Արաբաջյանը:
Նշենք, որ ռուսական մամուլի հրապարակումների համաձայն, «Ռոստելեկոմը», 22,5 մլն դոլարով ձեռք է բերել GNC-Alfa հայաստանյան մագիստրալային ինտերնետ օպերատորի «75%՝ հանած մեկ բաժնետոմս» բաժնեմասը:
Այս տարվա հունվարի 25-ի դրությամբ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ ցանցին միացված մարզերի և քաղաքների ամբողջական ցանկը հետևյալն է.
Երևան, Կոտայք (Աբովյան, Բյուրեղավան, Ծաղկաձոր, Նոր Հաճըն, Չարենցավան, Հրազդան), Արարատ (Արարատ, Մասիս, Վեդի, Արտաշատ), Վայոց Ձոր (Ջերմուկ, Եղեգնաձոր), Սյունիք (Քաջարան, Ագարակ, Սիսիան, Գորիս, Կապան), Արագածոտն (Աշտարակ, Ապարան), Շիրակ (Գյումրի), Լոռի (Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր), Տավուշ (Բագրատաշեն, Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան), Արմավիր (Արմավիր, Վաղարշապատ(Էջմիածին)), Գեղարքունիք (Գավառ, Մարտունի, Սևան):
Ցանցի ընդարձակմանն ուղղված ներդրումները, շինարարական և տեխնիկական աշխատանքները շարունակվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան