Սուրեն Սիրունյանը մտադիր է առաջադրվել Արաբկիրի ընտրատեղամասերից մեկում
Հայ Ազգային կոնգրեսի նախկին անդամ Սուրեն Սիրունյանը, որը հայտնի է «Վանոյի ճուտ» մականվամբ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ մտադիր է մեծամասնական կարգով որպես թեկնածու առաջադրվել Արաբկիրի երկու ընտրատարածքներից մեկում: Իր այդ մտադրության մասին Panorama.am-ին հայտնեց Սուրեն Սիրունյանը:
«Կտեսնեմ` ովքեր են առաջադրվելու և նոր միայն որոշում կկայացնեմ առաջադրվե՞լ, թե՞ ոչ», -ասաց Սիրունյանը: Նրա խոսքով, կա նաև պայման, թե որ դեպքում չի առաջադրվի որպես պատգամավորության թեկնածու: «Սակայն այդ մասին կհայտնեմ ավելի ուշ, առաջադրումներից հետո», -նշեց նա:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է առաջադրվի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից, Սիրունյանը բացասական պատասխան տվեց: Նրա խոսքով, եթե որոշի առաջադրվել ընտրություններում, դա կանի ինքնաառաջադրման միջոցով և ոչ մի կուսակցության թեկնածուն չի լինի: «Ընդհանրապես ոչ մի կուսակցության անդամ չեմ, մանավանդ «Ազատ դեմոկրատների» հետ էլ կապ չունեմ: Դա ես անում եմ իմ ընկերների, շրջապատի, իմ բարեկամների, իմ գաղափարակից ընկերների թելադրանքով: Ոչ էլ թույլ եմ տալու, որ որևէ կուսակցություն ինձ պաշտպանի», -հավելեց Սիրունյանը:
Հիշեցնենք, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում Արաբկիր վարչական տարածքն ընդգրկող թիվ 4 և 5 ընտրատեղամասերում առաջադրվել էին Սարգիս Մուրադխանյանը (ԱՄ/թիվ 4), Սուրեն Մամիկոնյանը (ՕԵԿ/թիվ4), Հայրապետ Հայրապետյանը (ԲՀԿ/թիվ 4), Զոհրապ Զոհրապյանը (ՀՀԿ/թիվ4), Հրայր Կարապետյանը (ՀՅԴ/թիվ4), Արամ Մանուկյանը (ՀՀՇ/թիվ4), Թաթուլ Մանասերյանը (անկուսակցական/թիվ5), Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով/ՀՀԿ/թիվ 5), Հովհաննես Հովհաննիսյանը (ՀԱԱԿ/թիվ5) և Հայկ Բաբուխանյանը (ՍԻՄ/թիվ 5):
Թիվ 4 ընտրատարածքից պատգամավոր էր ընտրվել Զոհրապ Զոհրապյանը, իսկ թիվ 5-ից` Լևոն Սարգսյանը:
Նախորդող նորությունը` Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետը չի մասնակցի ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա