Հայկական ատոմակայանում կանցկացվի «սթրես-թեստ»
ՀՀ էներգետիկայի նախարարության գերակա խնդիրը Հայկական ատոմակայանում անվտանգության ապահովումն է: Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց նախարար Արմեն Մովսիսյանը: Ըստ նրա` ճապոնական Ֆուկուշիմա ատոմակայանի վթարից հետո Եվրամիությունը որոշել է ուսումնասիրել բոլոր ատոմակայանների անվտանգության աստիճանը` արտակարգ իրավիճակների պայմաններում:
Ա.Մովսիսյանի խոսքերով` ԵՄ տարածքում շահագործվող բոլոր ատոմակայաններում առաջարկվել է անցկացնել «սթրես-թեստ», խնդիրների ուսումնասիրության համար ԵՄ-ն դիմել է նաև Հայաստանին:
«Մենք նույնպես տվել ենք մեր համաձայնությունը հայկական ատոմակայանում «սթրես-թեստ» անցկացնելու համար: Դա միջուկային էներգաբլոկների անվտանգության ապահովագրության գնահատումն է արտակարգ իրավիճակներում: Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման սթրես-թեստի անցկացումը կարևորագույն խնդիր է ինչպես ատոմակայանի, այնպես էլ մեր երկրի անվտանգության համար»,- ասաց նախարարը: