ՀԱԿ-ը վատնել է իր ողջ քաղաքական կապիտալը
Անդրադառնալով Հրազդանի քաղաքապետի ընտրությունների արդյունքին` «Голос Армении»-ն գրում է, որ այս ընտրություններն ի ցույց հանեցին ներքաղաքական կոնյուկտուրայի մի շարք առանձնահատկություններ: «Ինչքան էլ ՀԱԿ-ի քարոզչամեքենան փորձում է մարդկանց համոզել, թե ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի հաղթանակը 5000 դրամ բաժանելու արդյունք է, շատ մակերեսային և պրիմիտիվ կլիներ մտածել, թե գործող քաղաքապետը հաղթել է 5000 դրամի կարիք ունեցող հրազդանցու հաշվին»,-գրում է թերթը` նշելով, որ պետք չէ մոռանալ այն, որ ժամանակին Սասուն Միքայելյանը նույն Հրազդանի քաղաքապետն է եղել և իր կառավարման օրոք որևէ զգալի առաջընթաց քաղաքը չի արձանագրել:
«ГА»-ն շեշտում է, որ Հրազդանի ընտրությունները վառ աապացույցն են ՀԱԿ-ի կողմից իր սեփական քաղաքական կապիտալի կորստի. «Թատերական հրապարակից պարբերաբար հնչող դեմագոգիան և գաղափարի ու գործի բացակայությունը հանգեցրին նրան, որ Կոնգրեսի ցույցերի մասնակիցների թիվը զավեշտալի քանակի հասավ»,-գրում է թերթը: Հոդվածագիրը նաև խիստ քննադատել է լևոնական քարոզչամեքենայի ակտիվիստների կողմից իրենց ձայնը Արամ Դանիելյանի օգտին տված քաղաքացիների հասցեին վիրավորանքներ հնչեցնելը: «Սեփական ժողովրդին պոռնիկ և անասուն անվանելն անթույլատրելի է ոչ միայն էթիկական առումով, այլև վնաս է հենց ՀԱԿ-ի վարկանիշին»,-նշում է թերթը: