Վ. Խաչատրյան. Վարկը տալիս են, որ ՀԲ-ն ամոթով չմնա
Համաշխարհային բանկը Հայաստանին 50 մլն դոլարի վարկ կհատկացնի, ևս 30 մլն դոլար` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը: Վարկերը տրամադրվում են արտոնյալ պայմաններով:
Վարկի ստացման, օգտագործման արդյունավետության մասին Panorama.am-ը զրուցեց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ:
-Ստանդարտ վարկ է, որը 20 տարի Համաշխարհային բանկը տրամադրում է: Հասկանալի է, թե ինչու են տալիս: Տալիս են, որ Համաշխարհային բանկը ամոթով չմնա, քանի որ տարիներ շարունակ ՀԲ-ն ինչ-որ ծրագրեր է իրականացնում հատկապես բյուջետային աջակցության վերաբերյալ և պայմաններ է դնում: Ես չգիտեմ սա հստակ ինչի համար է, բայց վերջին ժամանակներս նրանք զբաղված են հարկային ու մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացմամբ:
Խնդիրն ուրիշ է, այն գումարվելու է ՀՀ ունեցած արտաքին պարտքին, որի մասին մենք շատ խոսում ենք, իսկ իշխանությունները իրենց չլսողի տեղ են դնում ու հայտարարում, որ բոլորվին էլ ռիսկայնություն չկա: Բայց սա էլ կմոտեցնի կրիտիկական սահմանին` ՀՆԱ-ի 50 տոկոսին:
-Պարոն Խաչատրյան, ի՞նչ կասեք այս և մյուս վարկերի օգտագործման արդյունավետության մասին:
-Արդյունավետությունը մի քիչ կասկածելի է: Նորից եմ կրկնում, տարիներ շարունակ այդ գումարները տալիս են, բայց այդ բնագավառներում որևէ էական տեղաշարժ չկա: Համաշխարահային բանկի մասնագետները երևի ցանկանում են մեկ անգամ էլ փորձել, այդքան ծրագրեր են արել, դրանք հանկարծ, այսպես ասած, զրո չդառնան: Համենայն դեպս ինչի համար տվել են այդ գումարները, պետք է բերեր այն բանին, որ հարկերի հավաքման մակարդակը բարձրանար ՀՆԱ-ի կազմում: Սակայն տարիներ շարունակ իրենք իրենց հաշվետվություններում գրում են, որ դեռևս չի բավարարում, 16 տոկոսից չի անցնում և նման բաներ:
-Այդ դեպքում ինչո՞ւ են շարունակում ֆինանսական կառույցները վարկեր տրամադրել:
-Ես հասկանում եմ, որ այստեղ ոչ թե մասնագիտական չափանիշներն են աշխատում, այլ բյուրոկրատական: Նրանք ասում են, լավ Հայստանն է, մի քիչ էլ օգնենք, էս վիճակում չթողնենք: Այստեղ էլ աշխատում են, ծրագրեր են կազմում, ասում են` համաձայն ենք, կաշխատենք, այսպես կանենք, այնպես կանենք, բայց մինչև հիմա դեռ մաքսային մարմնի աշխատանքը չեն կարողանում կարգավորել, որ այն և միջազգային չափանիշներին համապատասխանի, և բիզնեսն ու քաղաքացիները գոհ լինեն, և ընդհանրապես իրենք էլ: Առաջին հերթին իրենք են դժգոհ: Դրանից ելնելով եմ ասում:
Նշենք, որ «ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2012-2014 թթ. ռազմավարական ծրագիրը2012-2014 թթ. ռազմավարական ծրագրի» համաձայն, ՀՀ արտաքին պետական պարտքը 2011 թ. կկազմի 3.75 մլրդ դոլար, 2012 թ.՝ 4 մլրդ դոլար, 2013 թ.՝ 4.15 մլրդ դոլար, իսկ 2014 թ.՝ 4.3 մլրդ դոլար։