Սուտ է. տաղավարները «Հին Երևան»-ի հետ կապ չունեն. Նախագծի հեղինակ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի` բնապահպանների ու Մաշտոցի այգու ճակատագրով մտահոգ քաղաքացիների ու քաղաքական գործիչների հետ հանդիպումից հետո «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով արձանագրում էր նաև, թե «Հին Երևան» նախագիծը մոտ ապագայում իրագործման որևէ շանս չունի և այն օգտագործվում է միայն որևէ կերպ արդարացնելու համար այգու ապօրինի կառուցապատումը:
Panorama.am–ի թղթակցի հետ զրույցում «Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը դրան կարճ պատասխանեց` «Սուտ է»:
Ապա բացատրեց, որ դա որևէ կապ չունի «Հին Երևան» նախագիծ սահմանների հետ:
«Ես ասեմ, դա «Հին Երևան» նախագծի սահմաններից դուրս է: Քաղաքապետարանում մտածել են այդ տաղավարները հենց այդտեղ տեղադրել, որ նախագիծն իրականացնելուց հետո մեխանիկորեն այդ տաղավարները դուրս կգան, որովհետև «Հին Երևան» նախագիծը կյանքի կոչելուց հետո այդ տաղավարները Մաշտոցի այդ հատվածում մնալ չեն կարող: Դա բոլորին ակնհայտ է լինելու: Եթե ուրիշ տեղ դնեին, դրանք ընդհանրապես կամրանային: Այսինքն այստեղ հարցեր կան, որոնց վերաբերյալ պետք է ստույգ և ճիշտ ինֆորմացիա տալ, չի կարելի ամեն ինչ խեղաթյուրել»,-բացատրեց Լ. Վարդանյանը:
Հիշեցնենք, որ «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը նախատեսված է իրականացնել Գլխավոր պողոտայի տարածքում, շուրջ 2.2 հեկտարի վրա, Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի և Արամի փողոցները ներառող թաղամասում՝ «Սիլ պլազայի» հետնամասում ընկած տարածքում: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այս հատվածում հնարավորություն կստեղծվի «տեղափոխման եղանակով վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր՝ գոյություն ունեցող ժամանակակից բարձրահարկերով կառուցապատումը համադրելով 19-20-րդ դարերի 2-3 հարկանի ճարտարապետական նմուշներով»:
Հիշեցնենք, որ քաղաքպետը երեկվա հանդիպման ժամանակ նշել էր, թե տաղավարների տարածքը տրված է վարձակալության հիմունքով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում