Առավել շատ գայլեր սպանվել են Արագածոտնում. Այս տարի արդեն պետք է որսալ 200 գայլ
Կառավարությունը` ի դեմս բնապահպանության նախարարության որոշել է թույլատրել ամբողջ որսաշրջանի համար 100 գայլի փոխարեն որսալ 200 գայլ: Սա դեռ նախագիծ է, որն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում, նպատակն էլ էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելն է:
Բնապահպանության նախարարության հիմնավորման համաձայն, դա կապահովի տվյալ միջոցառման էֆեկտիվությունը և սոցիալական /գյուղատնտեսության պաշտպանվածություն/ ու բնապահպանական /վայրի կենդանիների կենսաբազմազանության պահպանում/ արդունավետությունը: Ըստ այդմ, կառավարությունը պետք է նախարարությանը տրամադրի 20 մլն դրամ` գայլի որս կատարածներին պարգևատրելու համար: Հիշեցնենք, որ մեկ գայլ սպանելու համար կառավարությունը պարգևատրում է 100 հազար դրամով:
Ըստ ներկայացված տվյալների, նախորդ տարվա ընթացքում սպանվել է 100 գայլ, որից 8-ը` Լոռիում, 11-ը` Տավուշում, 15-ը` Գեղարքունիքում, 17-ը` Արագածոտնում, 8-ը` Արարատում, 7-ական գայլ` Կոտայքում, Արագածոտնում, Շիրակում, Սյունիքում, 1-ը` Երևանում:
Հիշեցնենք, որ բնապահպանության նախարարի հրամանով որսը չի կատարվելու գայլերի զանգվածային ոչնչացման եղանակներով` թույների, վերգետնյա և օդային տրանսպորտային միջոցների կիրառումով: 2011թ. որսացված գայլերի 95% որսացվել է բնակավայրերի և անասնագոմերի շրջակայքում, այսինքն ոչնչացվելու են հիմնականում բնակչությանը վնաս պատճառող գայլերը: