Գերմանական դատախազությունը պահանջում է զրկել նախագահին անձեռնմխելիությունից
Հանովերի դատախազությունը հայտ է ուղարկել Բունդեսթագ Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Դատախազության ներկայացուցիչների խոսքերով, լրատվամիջոցների տեղեկությունների, ինչպես նաև ստացված փաստերի ուսումնասիրման արդյունքում իրավապահ մարմինների մոտ առաջացել են «նախնական կասկածներ» Վուլֆի ապօրինի գործունեության, մասնավորապես ծառայողական դիրքը ի նպաստ անձնական շահերի օգտագործելու վերաբերյալ:
Առնձեռնմխելիության վերացումը, այդպիսով, թույլ կտա հետաքննություն սկսել նախագահի նկատմամբ:
Հիշեցնենք, վերջին մի քանի ամիսների ընթացքում Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի անվան հետ կապված մի շարք կասկածելի գործարքներ էր բացահայտվել:
Վերջին նման բացահայտումներից մեկն այն էր, որ նախագահը Ներքին Սաքսոնիայի վարչապետ աշխատած տարիներին կառավարական մակարդալով առաջ է տարել մեծահարուստ կինոռեժիսոր Դևիդ Գրենեվոլթի գործարար շահերը, փոխարենը հանգստանալով Գրենեվոլթի գումարների հաշվին:
Մինչ այդ, նախագահին մեղադրել էին տուն գնելու համար ստացած արտոնյալ վարկ ձեռք բերելու մեջ, «Audi» մակնիշի մեքենայի ձեռքբերման կասկածելի մոդելի և այլ կոռուպցիոն գործարքներոում ներգրավված լինելու համար: