Ավդալյանը մտնում է ԲՀԿ, որպեսզի միայն ու միայն իր ժողովրդի մասին մտածի. Նազիկի ամուսնու հարցազրույցը
Այսօր Panorama.am-ը տեղեկացրել է, որ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մի քանի օր առաջ դիմում է գրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու համար: Տիկին Ավդալյանի հետ անձամբ խոսել չհաջողվեց. նրա հեռախոսազանգին պատասխանեց ամուսինը` Էրիկը: Նա ասաց, որ Նազիկը «շատ զբաղված է» և չի կարող հեռախոսով խոսել և նշեց, որ լիազորված է պատասխանել բոլոր հարցերին:
Ներկայացնում ենք Panorama.am-ի հարցազրույցը Նազիկ Ավդալյանի ամուսնու հետ.
Նազիկ Ավդալյանը դիմում է գրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու մասին: Ինչո՞վ է պայմանավորված նրա այդ քայլը
-Կոնկրետ ԲՀԿ-ին անդամակցելու համար ինքը ընտրեց տվյալ կուսակցությունը, որովհետև այդ կուսակցության նախագահ և ընդհանուր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիմը այս տարիների ընթացքում ապացուցեց, որ իրոք, մտածում ու հոգում են ժողովրդի համար:
Իսկ դա ենթադրո՞ւմ է, որ Ավդալյանը կհայտնվի խորհրդարանում
-Ավդալյանը ընդամենը դիմում է ներկայացրել, որպեսզի մտնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն: Իսկ հետագայում ինչ գործունեություն կծավալի, դա ցույց կտան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլուխները:
Իսկ ցանկություն կա՞ տիկին Ավդալյանի մոտ մտնել խորհրդարանում
-Այդ հարցին չեմ կարող պատասխանել
Անդամակցելով ԲՀԿ-ին, փաստորեն, տիկին Ավդալյանը հայտ է ներկայացնում մտնել մեծ քաղաքականություն. Ի՞նչ է դա նշանակում` վերջնական հրաժարում սպորտից, թե՞…
-Եթե դուք ուշադիր լինեք այլ երկրների, օրինակ Ռուսաստանի պետդումային, այնտեղ մեծ մասը սպորտսմեններ են, դա կապ չունի դրա հետ: Երբ ինքը լիարժեք կկազդուրվի, բժիշկները կասեն, որ ինքը պատրաստ է նորից վերադառնալ մեծ սպորտ այդ ժամանակ պարզ կլինի ամեն ինչ: Այս պահին մեզ համար պարզ չէ ոչինչ: Իսկ քաղաքականություն նա մտնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն միայն ու միայն, որպեսզի իր ժողովրդի մասին մտածի և նրա խնդիրներով լինի: Նրա ուժն ու եռանդը շատ մեծ է և այն մարդկանց թվում է, որոնք չեն կարող անտարբեր լինել: Իսկ սպորտը նրան ավելի հոգեհարազատ է:
Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք Ձեր կնոջը խորհրդարանում
-Իհարկե, եթե ես իմ կնոջը պատկերացնում եմ Հայոց դրոշը բարձրացնելուց, պատկերացրել եմ մեծ մրցահարթակներին, ինչու չէ, դա նաև ինչ-որ տեղ մրցահարթակ է:
Այսինքն, կազդուրվելու դեպքում հնարավո՞ր է նա լքի քաղաքականությունը
-Չէ, հնարավոր չէ: Հնարավոր չէ՞ որ մարդը և սպորտով զբաղվի, և քաղաքականությամբ
Իսկ Նազիկ Ավդալյանը երեխայի սպասո՞ւմ է
-Ոչ