Ռ. Պետրոսյան. Եթե բազմաթիվ կուսակցություններ անցնեն, կթուլանան և´ ԱԺ-ն, և´ կառավարությունը
«Հատկապես ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից շրջանառվում է «Կոմպրոմիս մինուս մեկ» արտահայտությունը և այդ «մինուս մեկ»-ը վերագրվում է Հանրապետական կուսակցությանը: Այսինքն, որ բոլոր կուսակցությունները կողմ են համամասնականին, բացի ՀՀԿ-ից: Բայց դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ Ընտրական օրենսգրքի տակ ստորագրած ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, իսկ վերջերս տեղի ունեցած քննարկումների ժամանակ նաև ԱԻՄ-ը, Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը հայտարարեցին, որ իրենք էլ ՀՀԿ-ի նման գտնում են, որ այսօր դեռևս չի հասունացել համամասնական կարգով համապետական ընտրություններ անցկացնելու հարցը»,- անդրադառնալով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու խնդրին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը:
Անդրադառնալով արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու խնդրում իշխանությունների շահագրգռված լինելու հանգամանքին, պատգամավորը նշեց, որ երբ միջազգային հանրությունը տեսնում է, որ տվյալ երկրում զարգանում է ժողովրդավարությունը, բոլոր տեսակի օգնություններն ավելացնում է:
Նա նշեց, որ 2006 թվականից սկսած, երբ քննարկվում էր ընտրական օրենսգիրքը, Վենետիկի հանձնաժողովից արձագանքել են, որ «կարևորն այն չէ, թե կլինի մեծամասնական, թե համամասնական, կարևորը նա է, որ իշխանությունները` սկսած հանրապետության նախագահից, իջնելով դեպի կուսակցություններ, տեղեր, ընտրողներ, շահագրգռված լինեն օբյեկտիվ ընտրություններ կազմակերպելու մեջ»:
Բանախոսն անդրադարձավ ընտրությունների արդյունքում մեծ թվով կուսակցությունների` ԱԺ անցնելու խնդրին ու հավելեց. «Եթե բազմաթիվ կուսակցություններ անցնեն, կթուլանան և´ ԱԺ-ն, և´ կառավարությունը»:
Ռ. Պետրոսյանի կարծիքով, տարբեր կուսակցություններ ներկայացնող նախարարների պարագայում կառավարությունը կդառնա «կարապի, խեցգետնի և գայլաձկան պատմությունը»: