Երգչուհի Արմինկա. Ամեն տարի ուխտ եմ անում և պասը պահում եմ բոլոր հոգևոր օրենքներով ու սկզբունքներով
Այս տարի փետրվարի 20-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 8-ին:
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Panorama.am-ը փորձեց պարզել, թե Հայաստանի շոուբիզնեսի ներկայացուցիչները որքանով են հետևում կրոնական ավանդություններին:
Երգչուհի Արմինկան մեզ հետ զրույցում նշեց, որ 2000թ-ից սկսած պահում է մեծ պահք: «Մի քանի բացառություններով գրեթե ամեն տարի պահել եմ: Իհարկե, չեմ պահում դիետիկ նպատակներով, այլ պահում եմ հոգևոր իմաստով: Ամեն տարի ուխտ եմ անում և պասը պահում եմ բոլոր հոգևոր օրենքներով ու սկզբունքներով: Պահքը ինձ համար մեծ խորհուրդ ունի: Ես հոգևոր մարդ եմ և պատրաստ եմ 48 օր ինձ զրկել բոլոր աշխարհիկ հաճույքներից»,- ասաց երգչուհին:
Արմինկայի խոսքերով, թեև ինքը պոզիտիվ մարդ է, բայց ամբողջ պահքի շրջանում փորձում է վատ բանի մասին չմտածել: «Չնայած ես իմ բնույթով չար մարդ չեմ, ոչ մեկին վատ բան չեմ կամենում, բայց աշխատում եմ, որ այդ ընթացքում նույնիսկ ոչ մի վատ բառ չասել: Ես իմ կյանքը 60-70 տոկոսով ապրում եմ հոգևոր սկզբունքներով, ուստի տարվա ընթացքում այդ 48 օրը ոչ մի դժվարություն չեմ ունենում: Իհարկե կան մարդիկ, ովքեր ամբողջ տարին ապրում են անհասկանալի և «մեղավոր» կյանքով, և Պահքի պահելով միայն այդ 48 օրը իրենց զրկում են ուղղակի ուտելիքներից և խմիչքից, սակայն ես այդ որակը չեմ», -ասաց Արմինկան:
Երգչուհի Զարուհի Բաբայանն էլ խոստովանեց, որ երբեք պահք չի պահել, նույնիսկ չի էլ փորձել. «Չեմ կարծում, որ դա ինձ համար դժվար կլինի, բայց ուղղակի չեմ փորձել, նպատակ չեմ ունեցել: Բայց պետք է նշեմ, որ ես շատ եմ սիրում պահքի շրջանում օգտագործվող ուտելիքները»: Զ.Բաբայանի նշեց, որ իրենց ընտանիքում հետևում են կրոնական ավանդույթներին:
Արսեն Գրիգորյանի (Մրո) խոսքերով՝ ընտանիքով միշտ էլ պաս պահել են, պարզապես երրորդ զավակի ծնվելուց հետո վերջին տարում չեն կարողացել պահքին հետևել: «Կյանքում բոլորս միշտ էլ անում ենք այնպիսի բաներ, որոնք չի կարելի անել, իսկ պահքի շրջանում փորձում ես նման բաներից զերծ մնալ, այսինքն՝ մաքրես ոչ միայն օրգանիզմդ, այլև հոգիդ: Մենք ընտանիքով ամեն օր փորձում ենք վատ սովորություններից մեզ հեռու պահել, բայց կյանքում ամեն ինչ էլ պատահում է, քեզանից անկախ անում ես կամ ասում ես այնպիսի բաներ, որ չպետք է անեիր: Մինչդեռ պահքի շրջանում ավելի ուշադիր ես լինում քո գործողություններում»,-ասաց Ա.Գրիգորյանը:
Նրա խոսքերով՝ դեռ չի որոշել, բայց փորձելու է այս տարի պաս պահել, իսկ եթե Մեծ պահքը ամբողջությամբ չպահի, ապա վերջին շաբաթը կպահի:
Ա.Գրիգորյանը նշեց նաև, որ բոլն էլ պետք է հետևեն կրոնական ավանդույթներին և կապ չունի, թե ինչ մասնագիտություն ունես, քանի որ կրոնական ավանդույթները մասնագիտություն կամ պաշտոն չեն հարցնում: «Կարևորը հավատն է»,- ասաց նա:
Երգիչը չի հասկանում նաև այն մարդկանց, ովքեր դիետայի համար են պաս պահում: «Պասը չի կարող դիետայի համար լինել: Ցանկացած ժամանակ էլ կարող ես դիետա պահել, նույնիսկ մսամթերքով դիետաներ կան, ուրեմն այստեղ ինչ կապ ունի դիետան»,- զարմանում է Ա. Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում