Ադրբեջան. Ձերբակալվել են իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության և «Սահար» հեռուստաալիքի լրագրողները
Ձերբակալվել են իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության և «Սահար» հեռուստաալիքի լրագրողները:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության` Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներն առանց որևէ պատճառի իր իսկ բնակարանում ձերբակալել են «ՖԱՐՍ» գործակալության Բաքվի գրասենյակի լրագրողին:
«Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության Բաքվի գրասենյակի կողմից վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ նյութեր են հրապարակվել Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականության, ինչպես նաև երկրի քաղաքական և տնտեսական իրավիճակի մասին, որի պատճառով բազմիցս ենթարկվել է Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքներին:
Վերջերս Ադրբեջանից վտարվեց նաև Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի գրասենյակի ղեկավարը: Բաքվի կառավարությունը ցանկանում է իր երկրում գործող իրանցի լրագրողների գործունեությունն ամեն կերպ կասեցնել, «ՖԱՐՍ»-ի լրագրողի ձերբակալությունը ևս միտված էր դրան», -նշված է հաղորդագրության մեջ:
Իրանական «արաննյուզ.իռ» կայքի տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ Բաքվի վարած հակաիրանական քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից անհայտ հանգամանքներում ձերբակալվել են իրանական «Սահար» հեռուստաալիքի լրագրողն ու վարորդը: Նրանց գտնվելու վայրն անհայտ է: