Ճգնաժամը ՀԱԿ-ում սաստկանում է
Անդրադառնալով փետրվարի 15-ին կայացած ՀԱԿ քաղխորհրդի նիստին` «Голос Армении»-ն գրում է, որ Հրազդանի ընտրությունների ձախողումից հետո կոնգրեսականների թիմը ծանր ու հուսահատ վիճակում է հայտնվել, և պատճառն ամենևին այն չէ, որ ՀԱԿ-ը իրական հույս ուներ հաղթել Հրազդանի ընտրություններում, իրական խնդիրն այն է, որ Կոնգրեսը հույս ուներ մեծ վայնասուն բարձրացնել առ այն, թե իբր ընտրությունների ժամանակ կոպիտ խախտումներ և կեղծիքներ են եղել, իսկ հետո էլ այդ հիսթերիայի ալիքի վրա հավաքել ու անցկացնել փետրվարի 17-ի հանրահավաքը: Սակայն Հրազդանի ընտրություններն անցան առանց էական խախտումների, ինչը ստիպված եղան արձանագրել նաև ՀԱԿ-ի շահերը սպասարկող լրագրողները, ովքեր ընտրություններին հետևում էին` խախտումներ գտնելու հատուկ նպատակով:
Ըստ թերթի` ՀԱԿ-ի համար վերջին հարվածը եղավ այն, որ ԱՄՆ դեսպանը Հայաստանում նույնպես հայտարարեց, որ ընտրությունները կայացել են առանց էական խախտումների: Ինչպես նկատում է հոդվածագիրը, արտաքին պարտությունից բացի, ՀԱԿ-ը ունի նաև մի շարք ներքին խնդիրներ: Առաջին հերթին դա այն է, որ ՀԱԿ անդամներից շատերը, ինչպես նախկին «քաղբանտարկյալ» Սուրեն Սիրունյանը ոչ միայն հասկացել են, որ ընդամենը գործիք են դարձել Լ. Տեր-Պետրոսյանի ձեռքում, այլև հայտարարում են այդ մասին: Ըստ թերթի` ՀԱԿ երկրորդ ամենագլխավոր խնդիրը դարձյալ մնում է ընտրացուցակը: Հրազդանի ընտրություններում պարտությունից հետո Կոնգրեսը կարող է հազիվ 10 մանդատի հույս ունենալ գալիք խորհրդարանական ընտրություններում, այնինչ` ՀԱԿ-ի կազմում 18 գաճաճ կուսակցություն կա: