Կ. Աճեմյան. Ընտրակարգերի փոփոխությունները ժողովրդավարության զարգացման կամ ամրապնդման հետ որևէ կապ չունեն
Փետրվարի 15-ին ԱԺ-ում կայացան համամասնական ու մեծամասնական ընտրակարգին նվիրված խորհրդարանական լսումներ: Քննարկումների ու դրա արդյունքների շուրջ Panorama.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ:
Ի սկզբանե, ինչ-որ նոր փոփոխությունների ակնկալիքներ չկային: Այն ուժերը, որոնք հանդես են գալիս ընտրակարգի փոփոխությամբ, իրենց ակտիվությունը պետք է դրևսորեին 2011 թվականին՝ նոր ընտրական օրենսգքրի փոփոխությունների ու մինչ այդ տեղի ունեցող քննարկումներում:
-Տիկին Աճեմյան, վերոնշյալ քաղաքական ուժերը պնդում են, որ այս հարցը 2011 թվականին ևս բարձրացվել է:
-100%-ոց համամասնական ընտրակարգին անցելու թեման, ինչպես նաև՝ մի շարք այլ հարցեր, մշտապես քննարկվել են: ՀՀ անկախությունից հետո աստիճանաբար համամասնական տեղերի թիվն աճում է: ՀՀԿ-ն ևս նշում է, որ պետք է աստիճանաբար մեծամասնական ընտրակարգով նախատեսված տեղերը պետք է կրճատվեն, սակայն դա պետք է կատարվի աստիճանաբար: Բայց ընտրություններից 4 ամիս առաջ նման աժիոտաժ բարձրացնելն ու թեման ուռճացնելը միայն մեկ բանի մասին է խոսում. ակնհայտ է՝ այս ամենն իր մեջ նախընտրական երանգներ է պարունակում:
-ՀՀԿ-ն արդեն իսկ հայտարարել է արդար, թափանցիկ ու ժողովրդավարական երկրներին հարիր ընտրություններ անցկացնելու իր պատրաստակամության մասին: 100%-ոց համամասնական ընտրակարգի կողմնակիցները իրենց առաջարկը համարում են որպես արդար ընտրություններ անցկացնելու երաշխիք:
-Այդ հայտարարությունները հնչեցվում են՝ բացառապես նախընտրական նպատակներին հասնելու համար: Ընտրակարգերի փոփոխությունները ժողովրդավարության զարգացման կամ ամրապնդման հետ որևէ կապ չունեն: Աշխարհում հայտնի են ժողովրդավարական շատ երկրներ, որտեղ գերակշռում են այս կամ այն ընտրակարգերը: