Լ. Անանյան. Չնայած առկա բոլոր մարտահրավերներին, առաջնայինն են` մեր մայրենին ու հայրենիքը
Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի սեղանին այս պահին, ինչպես նաև արդեն տարիներ շարունակ, հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի գրքերից է դրված: «Ինձ համար Թումանյանը ոչ միայն ամենայն հայոց բանաստեղծ է, այլ նաև ամենանախընտրելի բանաստեղծն է»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լևոն Անանյանը, ում անմիջական նախաձեռնությամբ էլ փետրվարի 19-ը` մեծ գրողի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր, որը կարելի է դիտարկել որպես գրքի հանդեպ հասարության ուշադրությունը սևեռելու շարժում:
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ այդ տոնը վերականգնվել է 2008 թվականից ի վեր: Կրթության և գիտության նախարարությունը հանրապետության բոլոր դպրոցներում և բուհերում փետրվարի 19-ը հայտարարել է գիրք նվիրելու օր:
Նշենք, որ այս տարի փետրվարի 16-18-ը` ընդառաջ Գիրք նվիրելու տոնին, մշակույթի նախարարությունը Ֆլեշմոբ Դիվիզիայի հետ համագործակցությամբ իրականացրել է «Մուտքը՝ գրքով» միջոցառումների շարք, որի ընթացքում հայաստանյան մի շարք թատրոններում, համերգասրահներում և թանգարաններում իրականացվող միջոցառումներին հնարավոր էր մասնակցել` նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գիրք: Լ. Անանյանն ողջունեց այս նախաձեռնությունը:
«Երբ հանդես եկանք նման նախաձեռնությամբ` գիրք նվիրելու օր հայտարարել, շատերն էին թերահավատ վերաբերվում, քանի որ կարծում էին, որ կորցրել ենք ընթերցանության մշակույթը, կորցրել ենք հոգևոր արժեքը, ոչ ոք գիրք չի նվիրում, քանի որ ամենացանկալի նվերն այսօր բջջային հեռախոսն է, նյութական արժեքը: Բայց ուրախ եմ, որ այս հինգ տարիների ընթացքում մեր նախաձեռնությունն ընդլայնել է իր սահմանները, արդեն պետական բոլոր ատյաններում ընդունվում է այս տոնը»,- ասաց ՀԳՄ նախագահը: Նա նշեց, որ Գրողների միությունը վաղը հարյուրավոր գրքեր է նվիրելու:
Պատասխանելով մեր այն հարցին, թե ին՞չ է պատճառը, որ այսօր գիրք-հասարակություն կապը թուլացել է, նա ասաց, որ այդ խնդրին պետք է նայել 20-ամյա հեռավորությունից` Խորհրդային միության փլուզում, արցախյան պատերազմ, կապիտալիզմ, առևտրային շուկայական հարաբերություններ` «ամեն ինչ իր դրոշմը դրեց, ու արժեհամակարգը փոխվեց»: Լ. Անանյանի խոսքով, այդ կապի թուլացման պատճառներից մեկն էլ համացանցն է, որը դարձավ ոչ թե գրքի դաշնակից, այլ մրցակից: «Սակայն մեր նախաձեռնած բոլոր միջոցառումները միտված են այդ կապի ամրապնդմանը: Վստահ եմ, որ կկարողանանք ծննդյան, տոնական օրերին միմյանց գիրք նվիրել, որը կնպաստի նաև վերադարձ դեպի գիրքն ու գրականությունը»- ընդգծեց Գրողների միության նախագահը: Նրա խոսքով, նոր սերունդը պետք է հասկանա, որ չնայած առկա բոլոր մարտահրավերներին, առաջնայինն են` մեր մայրենի լեզուն ու հայրենիքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում