Պրովակացիա Մաշտոցի այգում. «Շատ մարդիկ փորձում են մեր պայքարը քաղաքական դաշտ մտցնել»
Մաշտոցի այգում այսօր բողոքի ակցիա իրականացնողները պրովակացիայի դեպք են արձանագրել: Հայտնվել է տարեց մի մարդ ու սկսել գոռգոռալ տարածքում իր աշախատանքն իրականացնող շարքային ոստիկաններից մեկի վրա:
«Սովորական շարքային ոստիկաների վրա էր գոռում, շատ ուժեղ, այնպես, որ ուշադրություն գրավեր»,-ասաց ակցիայի նախաձեռնողներից Եղիա Ներսիսյանը: Նրա խոսքով, ինքը մոտեցել է մարդուն, հարցրել, թե ինչու է գոռում շարքային ոստիկաների վրա, ով ոչինչ անել չի կարող:
«Նա ինձ չպատասխանեց, շրջվեց ու գնաց ավելի պաշտոնավոր ոստիկաների վրա սկսեց գոռգոռալ»,-միջադեպի մասին պատմեց Ե. Ներսիսյանը` նշելով, որ իրենք արդեն ինը օր այգում ակցիա են իրականացնում, սակայն այդ մարդուն այգում առաջին անգամ են տեսնում, չեն էլ ճանաչում ով է ու որտեղից:
Ի դեպ, մեր` այգում եղած ընթացքում տղամարդը կրկին գոգոռոցով միջազգային կազմակերպություններին բողոքով դիմելու կոչեր էր անում, ինչ-ինչ մարդկանց հասցեին մեղադրանքներ հնչեցնում, առաջարկներ ներկայացնում: Նա այդ ամենն արեց հենց կիթառ նվագող ու երգող խմբի մոտ, ինչի հետևանքով երգը ընդհատվեց:
«Շատ մարդիկ փորձում են մեր պայքարը քաղաքական դաշտ մտցնել, մեզ կեղտոտել, որովհետև մենք ոչ մի պիտակ չունենք, իսկպես մաքուր ենք և օրինական ենք գործում»,-ասաց մեր զրուցակիցը: Նա նշեց, որ ՀԱԿ երիտասարդական թևն էլ այսօր հանդես է եկել հայտարարությամբ, աջակցություն հայտնելով պայքարի ելած երիտասարդներին: Եղիան ասաց, որ նրանց այգում չի տեսել, կամ էլ միգուցե եկել են, ինքը չի ճանաչում:
«Կարող է լինի ըտենց մարդ, բայց եթե ցանկացած մարդ փորձի պրովակացիա անի, կամ փորձի քաղաքական դաշտ մտցնել, մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք, առաջինը ես եմ դիմելու ոստիկանին և ասելու էս մարդուն բռնեք, նա մեզ հետ չի: Ես գիտեմ ով է մեզ հետ, բնապահպաներ, ովքեր պատրաստ են պայքարել մինչև վերջ: Սա նման է շախմատի, ամեն քայլ իր հաջորդ քայլն ունի: Նրանք մի ֆիգուր են դնում, հետո` մենք: Ով բարկանա, կպարտվի, մենք մեր հանգստությամբ կհաղթենք»,-ասաց նա:
Ակցիայի նախաձեռնողը նաև նշեց, որ իրենք շինարարությանը խոչընդոտող քայլեր չեն իրականացնում, քանի որ ոստիկանությունը հայտարարել էր, որ կտուգանի:
«Մենք չենք նահանջել, բայց հասկացանք, որ 50 հազար դրամը քիչ փող չէ: Մենք ասեցինք, ոչինչ, մի հաղթանակ արդեն ունենք, տաղավարը քանդվում է, իսկ տերն էլ ինձ ասաց, 10 մլն-ի վնաս տվեցիր: Ես չտվեցի, ապօրինի կառույցի որոշում տվողը վնաս տվեց»,-ասաց նա:
Ե. Ներսիսյանն ասաց, որ իրենք պատրաստվում են երկուշաբթի օրը մեծ ցույց անել Երևանի քաղաքապետարանի դիմաց:
Այս պահին այգում հավաքվածները երգում են, կիթառ նվագում, ձնեմարդ պատրաստում, ձյունե պարիսպ են կառուցում, թեյ ըմբոշխնում: Մի տաղավարում շինարարությունը շարունակում է ընթանալ, մյուսը քանդում են, տարածքն էլ հսկում են ոստիկանները: