«ԵՊՀ օլիմպիադա-2012»-ին մասնակցել է հայաստանյան դպրոցների 2400 աշակերտ
Արդեն չորրորդ տարին է` Երևանի պետական համալսարանը դպրոցականների համար կազմակերպել էր օլիմպիադա, որի հիմնական նպատակն է նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, նրանց ծանոթացնել իրենց նախընտրած ֆակուլտետներին: «ԵՊՀ օլիմպիադա-2012»-ին այս անգամ մասնակցում էին ավագ դպրոցների 12-րդ դասարանի աշակերտները: Ըստ առարկաների` յուրաքանչյուր դպրոցից օլիմպիադային կարող էր մասնակցել 2-3 աշակերտ: Օլիմպիադայի տևողությունը չորս ժամ էր, հայտնում են ԵՊՀ մամուլի ծառայությունից:
Օլիմպիադան անցկացվում էր հետևյալ հանրակրթական առարկաներից` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք ու հայ եկեղեցու պատմություն:
«ԵՊՀ օլիմպիադա-2012»-ին մասնակցում էին շուրջ 2400 դպրոցականներ ոչ միայն մայրաքաղաքի, այլև Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք դպրոցներից: Ի դեպ, ՀՀ մարզերի դպրոցականներն օլիմպիադային մասնակցում էին իրենց մարզկենտրոններում: Յուրաքանչյուր առարկայի համար կազմվել էր հանձնաժողով, որի նախագահները համապատասխան ֆակուլտետների դեկաններն էին: «Ի տարբերություն անցած տարվա՝ այս անգամ «Ստեղծագործական աշխատանք» առակայից օլիմպիադային ավելի շատ դպրոցականներ են մասնակցում: Եթե անցած տարի նրանց թիվը 15-ն էր, ապա այս անգամ մասնակիցները 21-ն են։ Ստեղծագործելու համար ընտրվել են այնպիսի թեմաներ, որոնք կարող են գրել թե ավագ դպրոցի, թե մասնագիտացված դպրոցներ հաճախող դպրոցականները»,- նշել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը։
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանն էլ նշել է, որ օլիմպիադայի հիմնական նպատակն է դիմորդներին ծանոթացնել Երևանի պետական համալսարանի հետ: Ըստ Վաչագան Գալստյանի` դեռևս չորս տարի առաջ կազմակերպված օլիմպիադային մասնակցել է 600 աշակերտ, սակայն այս տարի նրանց թիվն հասնում է 2000-ի:
«ԵՊՀ օլիմպիադա-2012»-ի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան