Աշոտյան. «Նախարարությունը չի պատրաստվում կայացրած սխալ որոշման համար պատասխանատվություն կրել ուսանողի փոխարեն»
«Պետք է բարձրացնել հասարակության հարգանքը, պահանջը միջին մասնագիտական կրթության նկատմամբ»,-այս մասին այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միութան միջև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրումից հետո ասաց միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Նրա խոսքերով՝ միջին մասնագիտական կրթության նկատմամբ պահանջմունքը խեղվել է 1990-ականներից, սակայն Ա.Ղազարյանը նշում է, որ պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ պետք է բարձրացնել միջին մասնագիտական կրթական հաստատությունների հեղինակությունը:
«Դիմորդները պետք է հասկանան, թե ինչ մասնագիտություն են ընտրում, որպեսզի իրենց դիպլոմները հետո չհայտնվեն օժիտներում և գրապահարաններում»,- ասաց Ա.Ղազարյանը: Նա նշեց նաև, որ այսօր փականագործների, կռունկավարների, խոհարարների, մատուցողների, միջազգային փոխադրումներ իրականացնող վարորդների կարիք կա աշխատաշուկայում:
Panorama.am-ի այն հարցին, թե անկախ ամեն ինչից Հայաստանում ծնողները ձգտում են, որ իրենց երեխաները միայն բարձրագույն կրթություն ստանան, սակայն շատ հաճախ այդ երեխաները անգործ են մնում, ապա ԿԳՆ-ի դերն այս հարցում որը պետք է լինի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ շատ անկեղծ է լինելու, թեև վստահ է, որ ոմանց իր պատասխանը դուր չի գալու:
«Յուրաքնաչյուր քաղաքացի ունի իր ճակատագիրը տնօրինելու, որոշում կայացնելու իրավունք: Բացի այդ՝ նրանք պետք է պատրաստ լինեն կրել իրենց կայացրած որոշումների պատասխանատվությունը: Նախարարությունը պարտավոր է ստեղծել միջավայր լավ կրթության համար, բայց նախարարությունը չի պատրաստվում կայացրած սխալ որոշման համար պատասխանատվություն կրել նրանց փոխարեն»,- ասաց Ա.Աշոտյանը:
Նախարարը նաև վստահ է, որ բուհական ընդունելության քննությունների ժամանակ այս տարի ևս հարյուր-հազարավոր դիմումներ կունենան տնտեսագիտական, իրավաբանական բաժիններում: «Ես դեմ չեմ տնտեսագիտական, իրավաբանական, մանկավարժական կրթությանը, բայց չկա տարի, որ մի քանի տասնյակ անգամ ծնողներին և դիմորդներին չասենք, որ մոտ ապագայում մանկավարժների, տնտեսագետների, իրավաբաններին և որոշ այլ մասնագետների կարիք չենք ունենալու: Մեր ընկալման մեջ այդ մասնագիտությունները գլամուր են հաղորդում, բայց իրականությունն այնն է, որ երիտասարդները թանկ վճարելով իրենց կրթության համար՝ առավել թանկ վճարում են սխալ մասնագիտական կողմնորոշման համար»,- նշեց Ա.Աշոտյանը:
Մինչդեռ այսօր աշխատաշուկայում առկա մի շարք մասնագիտությունների գծով դիմորդներ չեն լինում: Օրինակ՝ Գյուղատնտեսական ակադեմիայում պետպատվերով տեղերը շատ հաճախ թափուր են մնում, բայց գյուղատնտեսության ոլորտում մասնագետների կարիք ավելի շատ է զգացվում և ապագայում ավելի մեծ է լինելու:
Այդուհանդերձ Ա.Աշոտյանը նշեց, որ վերջին 1-2 տարվա ընթացքում քոլեջներում դիմորդների թիվը կտրուկ ավելացել է, այսինքն՝ կամաց-կամաց կիրառական կրթությունը հասարակության համար ավելի գերադասելի է դառնում: Նշեց նաև, որ այս տարի միջին մասնագիտական կրթական համակարգում պետպատվերով տեղերը 50 տոկոսով ավելացնելու են:
«Դրանով կթեթևացնենք և ընտանիքների սոցիալական բեռը, և աշխատաշուկային միտված մասնագետներ պատրաստնեք»,- ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին