Ա. Աշոտյան. «Կրթական ոլորտում առաջընթաց ունենալու համար կարևոր է մասնավոր հատվածի ներգրավումը»
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության միջև ստորագրվեց նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր: Փոխըմբռնման հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Հուշագրով նախատեսվում է աջակցել դեռահասների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշման գործընթացին, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսումնական ծրագրերի կատարելագործմանը, ՄԿՈՒ հաստատություններում և կազմակերպություններում կադրերի պատրաստման նորագույն տեխնոլոգիաների և մեթոդների ներդրմանը, ոլորտին վերաբերող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, դրանց փոփոխությունների ու լրացումների նախագծերի մշակմանը, ինչպես նաև մասնագիտական կրթության որակի բարձրացման, միջազգային կրթական չափանիշների համապատասխանեցմանն ուղղված բարեփոխումների շարունակական իրականացմանը:
«Հերթական անգամ նախարարությունը իր համար վստահելի գործընկեր է գտել»,-հուշագրի ստորագրումից հետո ասաց ԿԳ նախարար Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ նախարարության գերակայություններից է կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփումներում ներգրավել մասնավոր հատվածի և սոցիալական գործընկերների:
Ըստ նախարարի՝ այսօր դժվար է պատկերացնել կրթական ոլորտում առաջընթաց առանց մասնավոր հատվածի ներգրավման, քանի որ դրա շնորհիվ ամրապնդվում է աշխատաշուկա-կրթություն կապը, երիտասարդ կադրերի համար բարձր աշխատավարձով ստեղծվում են նոր աշխատատեղեր:
«Լավ մասնագետը միշտ շահույթ է բերում կազմակերպությանը, դրա համար մասնավոր հատվածը պետք է ներդրումներ կատարի կրթական համակարգում, որպեսզի հետագայում երիտասարդ մասնագետներն իրենց կարողությունները ներդնեն տարբեր ոլորտներում՝ ապահովելով համապատասխան ձեռնարկությունների համար շահույթ, և իրենց գիտելիքներով նպաստեն երկրի տնտեսության զարգացմանը»,- ասաց Ա.Աշոտյանը: Նախարարը վստահություն հայտնեց, որ փոքր, բայց կոնկրետ քայլերով կարող են հասնել դրական արդյունքների և հուշագրի` կյանքի կոչվելուն պես այն իր առաջին պտուղները կտա:
Ա.Աշոտյանը նշեց նաև, որ համագործակցության արդյունքում նախատեսվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից մեկի բազայի հիման վրա սկսել պիլոտային ծրագիր: Բացի այդ՝ համատեղ ծրագրեր կիրականացվեն բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կարևորելով նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) բնագավառում ուսումնական հաստատություն-գործատու համագործակցությունը, նշեց, որ մինչ օրս միությունը նախարարության հետ իրականացրել է կրթական մի շարք ծրագրեր, սակայն պարտավորվում են ևս մեկ անգամ խորացնել հարաբերությունները: «Մեր նպատակն է իրական դարձնել պահանջմունքի ձևավորումը տնտեսությունում, քանի որ դիվերսիֆիկացող տնտեսությունում հաճախ միջին մասնագիտական կադրերի վակում է առաջանում: Ուստի մասնավոր հատվածը չի կարող հույսը դնել միայն պետության վրա, այլ պետք է ֆինանսական ներդրումներ իրականացնի հետագայում համապատասխան որակյալ կադրեր ունենալու համար»,- ասաց Ա.Ղազարյանը:
Նշվեց նաև, որ պիլոտային ծրագրի շրջանակներում ինչպես քոլեջների, այնպես էլ ԲՈՒՀ-երի ուսանողների համար պրակտիկաներ կկազմակերպվեն տարբեր ձեռնարկություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին