Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. Իրանի վրա Իսրայելի ռազմական հարձակումն անմիտ քայլ կլինի
Իրանի վրա Իսրայելի ռազմական հարձակումն անմիտ քայլ կլինի, իրանական խնդիրը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հիգը:
Իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ էլ՝ Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ եթե Թել Ավիվն Իրանի վրա ռազմական հարձակման որոշում կայացնի, ապա դա ինքնուրույն կիրականացնի, առանց նախօրոք որևէ մեկին տեղյակ պահելու:
Նկատենք, որ փետրվարի 18-ին ԱՄՆ նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնն Իրանի և Սիրիայի շուրջ բանակցություններ վարելու նպատակով երկօրյա այցով մեկնել է Իսրայել:
Հիշեցնենք, որ մինչ այդ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան, անդրադառնալով Իրանի վրա ռազմական հարձակման խնդրին, նշել էր. «Համոզված եմ, որ Իսրայելն Իրանի միջուկային հաստատությունների վրա ռազմական հարձակում գործելու վերաբերյալ առայժմ որոշում չի կայացրել: Ուստի հավանականություն չկա, որ 2012թ. գարնանը հարձակում կլինի»: